Պուտինի ուղերձը կարդացեք՝ Ծառուկյանի դեմ «պատ...

Գլոբալ մարտահրավերների մեծամասնությունը հետևանք է նրա, որ հասարակությունները հոգնել էին լիբերալ-դեմոկրատական աշխարհակարգից ու գնացին պրիմիտիվ լուծումների հետևից՝ իշխանության բերելով պոպուլիստների: Խորապես համոզված եմ, որ հատկապես Եվրոպայում կորոնավիրուսը նման զարգացում չէր ունենա, եթե մի շարք երկրներում իշխանության ղեկին չլինեին պոպուլիստները: Հայաստանյան այսօրվա պրոբլեմների մի մասը նույնպես պոպուլիզմի հետևանք է: Կորոնավիրուսը մի օր կպարտվի, սակայն դա լինելու է նաև էմոցիոնալ քաղաքականության, պոպուլիզմի պարտությունը: Հասարակությունները ձևակերպելու են պրագմատիկ, ռացիոնալ գործիչների, ուժերի պահանջ: Սա լինելու է համաշխարհային տրենդ, որի դրսևորումը տեսնելու ենք նաև Հայաստանում:

Երբ երեկ ես նման ֆեյսբուքյան գրառում էի կատարել, իշխանությանն աջակից որոշ մարդիկ հայտնվեցին ցնցումների մեջ՝ ոչ ադեկվատ արձագանքելով իմ գրառմանը։ Հիմա կփորձեմ ավելի հիմնավորել ասածս՝ կոնկրետ փաստարկներով։

Նիկոլ Փաշինյանի թիմը անցած երկու տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ հեղափոխության օրակարգը փոխարինել պետականավարությամբ, հեղափոխության կարգախոսները պետական քաղաքականությամբ։ Նման իրավիճակներում հեղափոխականությունը դառնում է իռացիոնալ, անգաղափար ու անծրագիր մի կարգախոս, որն էլ ապացուցելու եկավ չարաղետ կորոնավիրուսը։

Այն, ինչ հիմա առաջարկում է Նիկոլ Փաշինյանը՝ հակաճգնաժամային ծրագրի անվան տակ, բացարձակապես կապ չունի հեղափոխական ծրագրի, մոտեցումների հետ․ դրանք տնտեսական ճգնաժամը կոնսերվացնող քայլեր են, որոնք ընդամենը ցույց են տալու հարկերի հավաքման բավարար մակարդակ, տնտեսական աշխուժության ու վարկային ակտիվության իմիտացիա՝ ժողովրդի սոցիալական վիճակի վատացման, արժեք ստեղծող մարդկանց պարտքերի ավելացման գնով։

Սրան զուգահեռ՝ իշխանության խրախուսմամբ ակտիվ տոտալ հակաքարոզչություն է իրականացվում արժեք ստեղծող մարդկանց, իրենց սոցիալական պատասխանատվությունը ռեալիզացնող սեփականատերերի հանդեպ։ Սա հենց այն է, ինչ կոչվում է պոպուլիզմ․ հստակ տեսլականի բացակայություն՝ անընդհատ ներքին թիրախներ փնտրելու մոլուցքով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն երեկ հատուկ ուղերձով դիմել է ռուսաստանցիներին:Պուտինը հետաձգել է սահմանդրական հանրաքվեն, բայց, որ ավելի կարևոր է՝ հանդես է եկել հակաճգնաժամային հստակ փաթեթով։ Ռուսաստանի նախագահն իր ուղերձում սոցիալական աջակցության մասին է խոսել, մասնավորապես՝ կառավարությունը գործազուրկների նպաստը 8 հազար ռուբլուց դարձնում է 12 հազար: Հայտարարվել է նաև վարկային արձակուրդների մասին, այսինքն՝ ֆորսմաժորային իրավիճակում այսօր հայտնված քաղաքացիներն, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները վարկերով նախատեսված վճարումները մի քանի ամսով հետաձգելու իրավունք ստացան:

Կարանտինային միջոցների մասին Պուտինն այնքան էլ շատ չի խոսել, ավելի շատ խոսել է սոցիալական աջակցության մասին:
Ռուսաստանի գործող նախագահին երբեք չեմ համակրել, բայց խոստովանում եմ՝ նրա ուղերձը հենց նրա մասին է, ինչը ցանկանում են լսել ֆորս-մաժորային իրավիճակում հայտնված քաղաքացիներն ու գործարար աշխարհը։

Պուտինը երևի խորշում է հեղափոխություններից ու երբեք չի խոսում հեղափոխական քայլերի մասին, սակայն այս իրավիճակում կարողացավ առաջարկել իսկապես արմատական լուծումներ՝ տեսանելի դարձնելով ճգնաժամի հաղթահարման ու հետճգնաժամային Ռուսաստանի օրակարգը։

Երբ Հայաստանում տնտեսական ու սոցիալական նույնաբովանդակ թեզեր առաջ քաշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նա դարձավ իշխանության պորպագանդայի ու տարբեր տրամաչափի «քայլողների» հարձակումների, պիտակավորումների թիրախ։ Մինչդեռ հասկանալի էր, որ խորհրդարանում ներկայացված ուժերից միայն ԲՀԿ-ն էր տիրապետում համապատասխան հաշվարկների ու ըստ այդմ՝ ներկայացրեց խիստ պրագմատիկ մի օրակարգ, որտեղ ներդաշնակված էին պետության, սեփականատերերի, մեր քաղաքացիների պատասխանատվությունը։

Եթե նույնիսկ Հայաստանի իշխանության էլիտայում չեն հասկացել, միևնույն է՝ պատմական փաստ է, որ կորոնավիրուսը փոխեց աշխարհը, այդ թվում՝ ստեղծեց հրամայական, որպեսզի մեր երկրում հեղափոխականությունը փոխարինվի պետականավարությամբ։ Սրա մասին էր Ծառուկյանի ուղերձը, բայց մեր ինքնահավան իշխանություններն՝ անսխալականի բարդույթով, այլ կարծիքներ լսելու ունակություն չունեն։ Ծառուկյանին չլսեցին, գոնե Պուտինի ուղերձը կարդան ու հասկանան, թե ինչպես է իշխանությունը վարվում ֆորս-մաժորային իրավիճակներում։

Սուրեն Սուրենյանց

քաղաքագետ