Վլադիմիր Պուտինը պաշտոնական մակարդակով կընդունի՞ Բակո Սահակյանին

putin2_3279301bԵրեկ ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ ծրագրված է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի պաշտոնական այցը Հայաստան և Աբխազիա: Ռուսաստանի նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը Ղրիմի կառավարության նիստում ասել է, որ Հայաստանում տեղի է ունենալու միջտարածաշրջանային համաժողով, որտեղ ներկայացված կլինի ղրիմյան մեծ ստենդ: «Մենք պայմանավորվել ենք, որ դուք մասնակցելու եք Հայաստանում կայանալիք համաժողովին: Սոչի ուղևորության ընթացքում դուք այցելելու եք Աբխազիա»,- ասել է Մուրադովը՝ դիմելով Ակսյոնովին: Այս լուրի հրապարակումից հետո հայկական կողմից պաշտոնական հերքում չի եղել: Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները տեղյակ են և պատրաստ են պաշտոնական մակարդակով ընդունել Ղրիմի ղեկավարին:
Եվս մեկ ռուսահպատակ քայլ, որը իրականացնում են ՀՀ իշխանությունները: Ընդունում են միջազգայնորեն չճանաչված կազմավորման ղեկավարին: Ահա եվս մի փաստ, որը գալիս է ապացուցելու, որ Հայաստանը անկախ արտաքին քաղաքականություն չի իրականացնում և ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները որոշվում են Մոսկվայում: Հետաքրքիր է, այս ֆոնին հիշատակել մի դեպք, որը տեղի ունեցավ այս տարվա ապրի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառման ընթացքում: ՀՀ իշխանությունները արել էին ամեն բան, որպեսզի միջազգայնորեն չճանաչված Արցախի հանրապետության ղեկավար Բակո Սահակյանը չհայտնվի նույն վայրում, որտեղ պետք է լիներ ՌԴ և մի շարք արևմտյան երկրների ղեկավարներ: Հասկանալի է, որ այս պահանջը եղել է օտարերկրյա ղեկավարների կողմից, քանի որ նրանք չեն ցանկացել հայտնվել Բակո Սահակյանի հետ մեկ տեղում: Հիմա ինչն է ստիպում Հայաստանին պաշտոնական մակարդակով ընդունել Ղրիմի ղեկավարին, երբ այն իր կարգավիճակով շատ ավելի զիջում է Արցախի հանրապետությանը: Ղրիմի ղեկավարին պաշտոնական մակարդակով ընդունելու հարցը ևս Պուտին-Սարգսյան որոշման արդյունք է և այս դեպքում ևս Ռուսաստանի Դաշնությունը օգտագործում է Հայաստանի միջազգային հեղինակությունը ի շահ իր երկրի և Հայաստանը այս անգամ էլ ստիպված է տեղավորվել ՌԴ արտաքին քաղաքականության ուղեծրում:
Ղրիմի ղեկավարի Հայաստան կատարվելիք այցը ստեղծում է խայտառակ իրավիճակ մեր երկրի համար և այս իրավիճակը կարող է փրկել միայն մեկ բան, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ պաշտոնական մակարդակով ընդունի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

Անի Ասլյան

 


Այս թեմայով