Պորոշենկոյի օրինակը պետք է դաս լինի Նիկոլ Փաշ...

Ամերիկյան Atlantic Council հետազոտական կենտրոնը Նիկոլ Փաշինյանին նմանեցնում է Ուկրաինայի Պյոտր Պորոշենկոյի հետ։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ըստ դրսից նայող հայացքի, նման է Ուկրաինայում տեղի ունեցածին։ Եվ որպեսզի Փաշինյանը հրաժեշտ չտա այնպես, ինչպես Պորոշենկոն, պետք է դասեր քաղի նրա քաղաքական թերացումներից։

Հայաստանի նոր իշխանությունները խոստացան դատական իշխանության բարեփոխումներ անել ու հաղթահարել կոռուպցիան, որ խնդիրների գագաթն է։ Նույն կերպ վարվեց նաև նույն ձևով իշխանության եկած Պորոշենկոն։ Խոստացավ պայքարել դատական կոռուպցիայի դեմ, բայց չպահեց խոստումը։ Փաշինյանը, ըստ հետազոտական կենտրոնի հոդվածի, պետք է ապացուցի, որ կոռուպցիայի դեմ պայքարի ու բարեփոխումների անխոնջ մարտիկ է՝ Պորոշենկոյի հետևից չգնալու համար։

Ինչպես և ուկրաինացիները, հայերը նույնպես երկար տարիներ տանջվել են կոռուպցիայի ձեռքում։ Փաշինյանը այս ամենում մեղադրում է նախկին իշխանություններին, նրանց անգործությունը։ Ինչպես և Պորոշենկոն, նա իշխանության գալուց հետո խոստացավ շրջադարձային փոփոխություններ իրականացնել, ազատվել քաղաքական որոշումների վրա ազդող օլիգարխներից։ Մեծ մասով այս խոստումները, ըստ Atlantic Council-ի հոդվածի, կատարվեցին, ու Փաշինյանը վստահաբար հայտարարեց նոյեմբերին, որ Հայաստանում օլիգարխիա չկա։

Բայց, ըստ հոդվածի հեղինակների, դեռ վաղ է գնահատական տալ Փաշինյանի հաջողություններին։ Նրանք հիշեցնում են, որ 2014 թվականի նախագահ ընտրվելուց հետո Պորոշենկոն նույնպես շատ խոստումներ տվեց օլիգարխիայի և կոռուպցիայի հաղթահարման, ինչպես նաև եվրոպամետ քաղաքականության հարցերում։ Ու ժողովուրդը նրան տվեց քվե։

Հոդվածագիրները հղում են անում Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթին ու պնդում, որ որոշ ոլորտներում Պորոշենկոն իրոք հասավ հաջողությունների։ Բայց այլ ոլորտներում, որոնք, ըստ էության, հենց նախագահի վերահսկողության ներքո էին, կատարված աշխատանքը բավական փոքր էր։ Ու արդյունքում ընդամենը մեկ տարվա ընթացքում Պորոշենկոյի վարկանիշը 50 տոկոսից ընկավ մինչև 17 տոկոս։ Նույնիսկ այլ ոլորտներում հաջողությունները, ռուսական ազդեցության սահմանափակումները և այլն չփրկեցին նրան 2019 թվականին Վլադիմիր Զելենսկիի կողմից նրան ջախջախելուց։

Իհարկե, Փաշինյանը Պորոշենկո չէ, պնդում են հեղինակները։ Փաշինյանը նախկին լրագրող է, ով նստել է բանտ նախկին իշխանությունների դեմ պայքարում, իսկ Պորոշենկոն կադրային չինովնիկ է բազմամիլիարդանոց ունեցվածքով և ուկրաինացի հայտնի օլիգարխների հետ կապերով։ Բայց նրանք երկուսն էլ իշխանության են եկել պետական համակարգը փոխելու խոստումով։

Եզրակացությունը, ըստ ամերիկյան հեղինակավոր հանդեսի, այն է, որ եթե պարզվի՝ խոստումները կատարելու ճանապարհին խոչընդոտները շատ լուրջ էին կամ փոփոխությունների արագությունը չէր բավարարում, 2023 թվականին Հայաստանում անցկացվելիք ընտրությունների ժամանակ Փաշինյանը կարող է արժանանալ Պորոշենկոյի ճակատագրին։