Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները խոչընդո...

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրապարակել է հիմնավորում, թե ինչու է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հետաձգումը համարել «կրոնական ազատության խախտում»: Հիմնավորումը լրացնում է Սահմանադրական դատարանի մայիսի 22-ին հրապարակած որոշումը, ըստ որի՝ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անգործունակ լինելու շրջանում պատրիարքական ընտրությունների կազմակերպումը թուրքական իշխանությունների կողմից խոչընդոտելը որակել էր որպես «կրոնական ազատության խախտում»:

Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Դատարանի հիմնավորման մեջ ներկայացված են պատրիարք Մութաֆյանի՝ հիվանդության պատճառով անգործունակ ճանաչվելու շրջանից մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունները:

«Հայ համայնքի համար շատ կարևոր գործունեություն իրականացնող պատրիարքի ընտրությունները 10 տարուց ավելի է, ինչ հայ համայնքի կամքին հակառակ, անընդհատ հետաձգվում են: Կրոնի և հավատքի հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումները միայն տվյալ կրոնի և հավատքի ներկայացուցիչները իրավունք ունեն կայացնելու»,- նշված է հիմնավորման մեջ:

2019թ. մարտի 8-ին պատրիարք Մութաֆյանի մահից հետո սկսվել է մի գործընթաց, որը պետք է ավարտվի նոր պատրիարքի ընտրություններով: Հուլիսի 4-ին Կ.Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նա ղեկավարելու է պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացը: