Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը իր ղեկավարած ընկե...

Ապրիլի 18-ին կառավարության նիստում հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ, որը առավել հետաքրքիր ենթաշերտեր է իր մեջ պարունակում։

Ինչպես հայտնի է` այդ օրը կառավարություն էր եկել  քաղաքապետ Հայկ Մարությանը, որպեսզի համոզի կառավարությանը ֆինանսական միջոնցեր տրամադրել աղբահանության նոր մեքենաներ գնելու համար, որով Երևանի քաղաքապետարանը մտադրություն ունի աղբահանության նոր օպերատոր հիմնել։ Քաղաքապետը հայտարարեց, որ 24 նոր մեքենա է ձեռք բերվելու, որի հիման վրա էլ կստեղծվի երկրորդ օպերատորը։

Քաղաքապետի այս հայտարարությանը արձագանքեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը․«Մենք գնեցինք մեքենաներ, հետո էդ մեքենաների բազայի վրա ստեղծելու ենք պետական հիմնարկ, որը աղբահանություն է իրականացնո՞ւմ: Շատ վտանգավոր գաղափար է, հաստատ ավելի վատ է աշխատելու, կարող եմ հենց հիմա երդվել», - ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Շատերի համար անհասկանալի էր, թե ինչու՞ էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ջանասիրաբար փորձում համոզել քաղաքային իշխանություններին, որ անիմաստ է երկրորդ օպերատոր հիմնել, ավելին` նա համարում էր, որ վտանգավոր է նման բան ձեռնարկել։

Իրականում Մհեր Գրիգորյանի այս արձագանքի տակ թաքնված էր կորպորատիվ շահ։ Մինչ փոխվարչապետ նշանակվելը Մհեր Գրիգորյանը 2012-2018 թվականներին եղել է Արդշինբանկի վարչության նախագահը։ Երևան քաղաքում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը 8մլն դոլարի համարժեք վարկ է վերցրել Արդշինբանկից։  Ընկերությունը վարկը ստացել է այն ժամանակ, երբ բանկի վարչության նախագահն է եղել Մհեր Գրիգորյանը։ Նոր օպերատորի առկայությունը կարող է էապես կրճատել «Սանիթեք» ընկերության եկամուտները, հետևաբար չի կարողանա մարել բանկից ստացած վարկը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փորձել է նախկինում իր ղեկավարած ընկերության շահերը սպասարկել։

Այս միջադեպը պետք է ազդակ լինի վարչապետ Փաշինյանի համար, ու նա պետք է փորձի հասկանալ, արդյո՞ք միայն մեկ անգամ և միայն խոսքով է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարությունում սպասարկել այն ընկերությունների շահերը, որոնց հետ ժամանակին կապ է ունեցել։