Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հրաժարական կտա․ ն...

168.am-ի տեղեկություններով` հրաժարականի դիմում է ներկայացրել Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` նա կարող է առնչվել վերջերս հարուցված մի աղմկահարույց քրեական գործի հետ։ Մեզ հասած տեղեկություններով` Հայկ Սարգսյանը պատրաստվում է մեկնել երկրից։ Գրել է 168 ժամ լարատվականը։

Ըստ որոշ տեղեկությունների Հայկ Սարգսյանը անցնում է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի գործով։ Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի: Նրանցից երեքը դատարանի որոշմամբ կալանավորվել էին։ Հետաքրքիր է, որ մյուս երկուսի վերաբերյալ իրավապահ մարմինները հավելյալ տեղեկություններ չեն ներկայացրել։

Մեկնաբանություններ ստանալու համար մենք փորձեցինք կապ հաստատել փոխքաղաքապետի հետ, սակայն Հայկ Սարգսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց՝ նրա հեռախոսահամարը անհասանելի էր։

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Հայկ Սարգսյանի մասին շրջանառվող տեղեկություններին․«․․․Արդեն հայտարարել ենք եւ վերահաստատում ենք, որ Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործում որևէ կարգավիճակով ընդգրկված չէ, նրա անվան արծարծումը այս կամ այն քրգործի առնչությամբ փաստական որեւէ հիմք չի պարունակում եւ ըստ էության անձի արժանապատվության եւ գործարար համբավի արատավորման փորձ է:

Հայկ Սարգսյանը շարունակում է պաշտոնավարել Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում, իսկ պաշտոնավարումից հրաժարվելու դեպքում անգամ, դա որեւէ քրեական գործի հետ առնչակցությամբ պայմանավորված չի կարող լինել»,-գրել է Հակոբ Կարապետյանը: