«ՊՆ փոխնախարարը դեմ է, որ դու անցնես քննությա...

Այսօր Մերգելյան ինստիտուտում ընթանում էր ՀՀ պաշտպանության նախարարության տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության անցնելու քննության 3-րդ փուլը, որին պետք է մասնակցեր Կարեն Մնացականյանը: Վերջինիս, սակայն, չթույլատրեցին մասնակցել քննությանը, իր խոսքով, առանց հիմնավորման ու ծանուցման:

Խնդիրն, ըստ երևույթին, առաջացել է հուլիսի 2-ին՝ քննության առաջին փուլի ժամանակ, որին ներկա է եղել ՀՀ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Մեզ հետ զրույցում Կարեն Մնացականյանը ներկայացնում է.«Առաջին գրավոր փուլի ժամանակ պետք է մաթեմատիկական խնդիրներ լուծվեին և լրացվեին անցաթերթիկի մեջ: Երբ լրացավ ժամանակը՝ 2.5 ժամ, ես դեռ չէի հասցրել անցաթերթիկում որոշակի քանակությամբ նշաններ անցկացնել, բայց բոլոր լուծումներն ինձ մոտ կային: Երբ ասացին, որ բոլորս վայր դնենք գրիչները, ես խնդրեցի մի քանի վայրկյան՝ նշանները անցաթերթիկում անցկացնելու համար: Շատ կտրուկ մոտեցավ պարոն Բալայանը, որպեսզի վերցնի անցաթերթիկը՝ ասելով, որ ժամանակն ավարտվել է: Մինչ ես ասացի, որ ինձ ընդամենը մի քանի վայրկյան է անհրաժեշտ, մոտեցավ հանձնաժողովի անդամ պարոն Քերոբյանը, ասաց, որ նորմալ է, և կարող եմ ավարտել, որովհետև տեսավ, որ ոչ մի խնդիր չկա. առաջադրանքները կատարված էին, և պետք էր միայն անցկացնել նշանները: Դրանից հետո պարոն Բալայանը վերցրեց թուղն ու ասաց՝ «Սա ես առանձին եմ ստուգելու..», հետո առանձնացան պարոն Քերոբյանի հետ, և քննությունն ավարտվեց»:

Հաջորդ օրը Կարեն Մնացականյանը բողոքարկման է գնացել, քանի որ խնդիրներից մեկում սխալ է եղել, ինչի արդյունքում կարող էր միավորներ կորցնել ու չհաղթահարել քննության անցողիկ շեմը: Բողոքարկումից հետո Մնացականյանն ստացել է անցողիկ 62 միավորը, որի արդյունքում անցել է քննության հաջորդ փուլ:

«Երկրորդ փուլը հուլիսի 8-ին էր, որը ևս հաղթահարեցի, բայց 2 օր անց՝ հուլիսի 10-ին, զանգ ստացա Արտավազդ Սահակյանից, թե Գաբրիել Բալայանը խնդրել է ինձ փոխանցել իր հրահանգը, որ ես չես մասնակցելու քննությանը, կարող եմ չգնալ, իսկ գնալու դեպքում՝ փաստաբանի հետ: Հարցրի՝ ինչ հիմնավորմամբ, ասացին՝ առաջին բողոքարկման փուլի ժամանակ պարոն Բալայանը քեզ ասել է, որ ինքը դեմ է, որ դու անցնես: Հիմնավորում չստացա, ասում է՝ դե դա իր հետ»,-ներկայացնում է Կարեն Մնացականյանը:

Վերջինս մինչ այսօր գրավոր ծոնուցում չէր ստացել, որ իրեն չի թույլատրվում քննությանը մասնակցել.«Միայն այսօր առավոտյան՝ քննությունից մեկ ժամ առաջ հրապարակվել է ցուցակը, որից հանված է իմ անունը, սակայն տեղում փակցված ցուցակով, որտեղ միայն երկրորդ փուլի արդյունքներն են, կա իմ անունը»: Հենց սա էլ, ըստ Կարեն Մնացականյանի, խնդրահարույց է՝ եթե անունը կա տեղում փակցված ցուցակում, ինչու՞ չի եղել այսօր հրապարակված առցանց ցուցակում:

Հեռախոսազանգ ստանալուց հետո Կարեն Մնացականյանը դիմել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի պարզեն զանգի հանգամանքերը, ու թե ինչու՞ են առանց հիմնավորման իրենց զրկում քննությանը մասնակցելու հնարավորությունից:

Politik.am-ը մեկնաբանության համար դիմել է նաև ՄԻՊ-ին. տեղեկությունը ստանալուն պես այն կհրապարակվի: