Պետությունը մինչև տարեվերջ կմարի ԱԱՀ-ի պարտքը

Կառավարությունում քննարկում էին ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց նախագիծը, որով նախատեսվում է տնտեսավարողներին վերադարձնել նախորդ տարիներին վճարած ԱԱՀ-ն։ Նրանք 2835-ն են։ Նրանցից 2190-ին պետությունը պարտք է մինչև 5 միլիոն դրամ։ Պարտքը կստանան առանց հարկային մարմին դիմում ներկայացնելուց և ուսումնասիրությունից հետո։

5-40 միլիոն դրամի պարտքի դեպքում գործընթացը կկատարվի պարզեցված ընթացակարգով՝ դիմումի հիման վրա, առանց արտագնա ստուգման կամ ուսումնասիրություն։ 40 մլն դրամից ավելի պարտք ունեցողների ԱԱՀ-ն կվերադարձվի դիմումի հիման վրա՝ արտագնա ստուգումից հետո։

«Սրանով մենք երկու խնդիր ենք լուծում՝ ավելացնում ենք մեր տնտեսվարողների շրջանառու միջոցները, երկրորդը՝ պետության վրայից այդ 56 միլիարդի պարտքը հանում ենք, և փաստացի ստացվում է, որ կուտակված պարտք չենք ունենում և ընթացիկը արդեն կիսամյակային կամ եռամսյա հաճախությամբ կվերադարձնենք»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դավիթ Անանյանի խոսքով՝ 2018 թվականի հունվարի 1-ի՝ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու դրությամբ պետությունը հարկ վճարողներին պարտք է եղել 275 միլիարդ դրամ։

«2020 թվականի հունվարի 1-ին հայտարարելու ենք, որ երկու տարվա ընթացքում՝ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020-ի հունվարի 1-ը, 2020 միլիարդ դրամով նվազեցրել ենք մեր պարտքը տնտեսության և հարկ վճարողների հանդեպ։ Կարծում եմ, որ սա ուժեղ պետության հայտարարություն է»,- ասաց Դավիթ Անանյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հարցը հրատապ է, և կարիք կա, որ այն օր առաջ  քննարկման դրվի Ազգային ժողովում՝ արտահերթ նիստով։

ՊԵԿ նախագահի՝ խոսքով իրենք նախատեսում են պարտքերը մարել մինչև տարեվերջ։