Քաղաքական վերնախավը պետք է զսպվածություն ցուց...

«Կա ընթացակարգ, որ պատգամավորները կարող են նման գործընթաց սկսել, բայց ամբողջ հարցը նրանում է, թե ի՞նչ նպատակով է դա արվում: Գուցե դա արվում է այն պատճառով, որ Հրայր Թովմասյանը կոմպետենտ չէ՞, թե՞ արվում է քաղաքական նպատակներով: Եթե երկրորդն է, ապա դա խոսում է խտրականության մասին, եթե առաջինն է, ապա ինչում է կայանում նրա ոչ կոմպետանտությունը»,- Politik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտենց փաստաբան Արա Ղազարյանը՝  խոսելով «Իմ քայլը» խմբակցության կողմից  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները Արարատ Միրզոյանի նշած հիմնավորումներով դադարեցնելու գործընթաց նախաձեռնելու մասին:

«Այնտեղ կարծեմ 2 պայման էր նշվում, որից մեկը վերաբերում էր Սահմանադրական դատարանի որոշման բովանդակությանը, ինչը այնպիսի մի բան է, որը կարելի է քննարկել, սակայն ճիշտ չէ ասել, թե ՍԴ-ն սխալ բովանդակությամբ որոշում է կայացրել: Ի վերջո խոսքը ՍԴ-ի մասին է: Իշխանությունների տարանջատման սկզբունքը իշխանության մյուս 2 թևերին պարտավորեցնում է, որ իրենք կարող են կարծիք արտահայտել, բայց չպետք է ասել, որ դատարանը սխալ որոշում է կայացրել: Ասել, թե դատարվորը կոմպետենտ չէ, սխալ որոշում է կայացրել, նշանակում է չհարգել ՍԴ-ի որոշումները»,- ասաց Ղազարյանը:

Նրա հավաստմամբ՝   պետք է պարզաբանել, թե Հրայր Թովմասյանի դեմ այս վարույթը ինչու է արվում: Դա անընդունելի է, եթե արվում է զուտ այն պատճառով, որ  նա անցանկալի անձ է Ազգային ժողովի համար:

«Իհարկե, ֆորմալ այդ պատճառը չի բերվում, ամանայն հավանականությամբ բերվում է նրա ոչ կոմպետենտությունը, որովհետև խնդրահարույց որոշում է կայացրել: Այդ որոշման վեարբերյալ 2 չհամընկնող կարծիքից են եզրահանգում անում: Պարզապես պետք է դրա բովանդակությունը քննարկել և ընդունել որպես այդպիսին: Կրկնում եմ՝  սա բխում է իշխանությունների տարանջատման սկզբունքից, նույնիսկ եթե այդ որոշման հետ համաձայն չեն: Ազգային ժողո՞վն է որոշում, թե ՍԴ-ն ինչ որոշում կայացնի, սխալ է: Քաղաքական վերնախավը պետք է զսպվածություն ցուցաբերի»,- ընդգծեց փաստաբանը:

Վերջինս զուգահեռներ անցկացրեց նման նախադեպի հետ, երբ 2004 թ-ին ՍԴ-ն որոշում կայացրեց վստահության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, և Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ ասելով, որ ՍԴ-ն անցել է իր լիազորությունների շրջանակից։