Պետք է երկու կողմերը կշեռքի վրա դնենք, որ հաս...

Politik.am-ի հարցազրույցը Վարագ Սիսեռյանի հետ՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ:

-Կառավարության ձևավորումից ի վեր շատ կարևոր է Ամուլսարի հանքի շահագործման և «Լիդիան Արմենիա»-յի հարցը: Այս պահին ինչպիսի՞ վիճակ է: Գիտենք, որ ընկերությունը պատրաստվում է դիմել արբիտրաժ: Այս պահին կա՞ն բանակցություններ, որոնք հանրության համար տեսանելի չեն:

-Ասեմ, որ «Լիդիան Արմենիան» վերջնականապես չի որոշել, որ դիմում է արբիտրաժ, ասել է, որ իր որոշումը հիմնված է լինելու Կառավարության՝ առաջիկայում անելիք քայլերի, որոշումների վրա: Այսինքն՝ հիմնականում կախված է մեր Կառավարության որոշումից: Իսկ Կառավարությունը շարունակաում է ասել այն, ինչ ասում էր վերջին մոտ 9 ամիսներին: Մենք սպասում ենք փորձաքննությունների և հետազոտությունների արդյունքներին: Հետազոտությունների արդյունքները կտրամադրվեն մայիսի վերջ-հունիսի սկիզբ հատվածում: Կառավարության որոշումը՝ թուլ տալ շահագործել հանքը, թե թույլ չտալ, հիմնված է լինելու հետազոտության արդյունքների վրա:

-Տպավորություն է, որ Կառավարությունն անգործության էր մատնվել և «Լիդիան Արմենիան» իր վերջին հայտարարությամբ Կառավարությանը փորձել է բերել բանակցությունների՝ վերջնագրային տեքստի միջոցով: Տպավորությունը սխա՞լ է, թե իրականում չկար ինչ-որ պրոցես Կառավարության կողմից:

-Օբյեկտիվ պատասխան տամ՝ես կարծում եմ, որ այս փուլում «Լիդիան Արմենիա»-ն ուղղակի պաշտպանվում է, չի հարձակվում: Այսինքն՝ ինքը զգուշացնում է, չի սպառնում, կամ չի ասում՝ դիմելու է արբիտրաժ: Պարզապես զգուշացնում են, որ եթե Կառավարության որոշումը եղավ բացասական, մեծ հավանականություն կա, որ իրենք դիմելու են արբիտրաժ: Իսկ մեր որոշումը հիմնված է լինելու փաստերի վրա: Ժամանակի մասին ասեմ, որ Կառավարությունը հոկտեմբեր ամսին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ասել է այն, ինչ հիմա մենք ենք ասում: Ուղղակի ժամանակը մի քիչ երկար տևեց, իսկ այդ երկար տևելու մասին կասեմ՝ կա ընթացակարգ, և ես համոզված եմ, որ ավելի լավ է՝ ընթացքը մի քիչ երկար տևի, քան արագ ու սխալ որոշում կայացնենք: Երբ որոշումդ փաստերի հիման վրա է, այն ավելի հեշտությամբ կընդունվի, կամ ավելի քիչ մարդիկ դեմ կգնան:

-Պարոն Սիսեռյան, եթե իրավիճակը քննարկեք բնապահպանների կամ այն բնակիչների հետ, որոնք փակել էին ճանապարհը, ակնհայտ է, որ իրենք չեն համաձայնելու հնարավոր փաստերին, որոնք հօգուտ հանքի շահագործման կլինեն:

-Ես կարծում եմ՝ եթե ունենանք արդյունքներ, և լուրջ կումունիկացիա անենք, խոսենք խնդիրների մասին, բացատրենք, լսենք իրենց առաջ քաշած խնդիրները և փորձենք նաև իրենց խնդիրներին կոնկրետ լուծումներ տալ, կամ մինիմալի հասցնենք իրենց խնդիրները, դեմ չեն լինի:

-Բնապահպանները ասում են՝ ունեն ուսումնասիրություն, որ հանքի շահագործումը կվնասի Ջերմուկի և Սևանի ջրերին: Կածում եք՝ կարո՞ղ են լինել այնպիսի փաստեր, որ բնապահպաններին համոզեն, որ նման բան չկա: Եվ երկրորդ՝ կարո՞ղ են լինել այնպիսի փաստեր, որոնք «Լիդիան Արմենիա»-ին համոզեն, որ չդիմի արբիտրաժ և չշահագործի հանքը: 

-Այս պահի դրությամբ, քանի որ նոր են սկսվել հետազոտությունները, ես չեմ կարող պատասխան տալ, բայց ես կարծում եմ՝ բնապահպանները և բնակիչները ունեն մտահոգություններ, բազմիցս խոսել են ռիսկերի մասին: Ես իրականում ոչինչ չեմ կարող պատասխանել, քանի որ չգիտեմ՝ ինչ է լինելու արդյունքը իրավիճակի, ինչ փաստեր կամ հակափաստարկենր ի ցույց կդրվեն: 

-Կառավարությունը երկու կողմերից էլ ունի՞ զգացողություն, որ, օրինակ, այս կողմը պատրաստ է ռեալ փաստերի դեպքում զիջել իր դիրքերը:

Ես կարծում եմ, որ ցանկացած ադեկվատ մարդ, որը մտածում է իր երկրի մասին, իսկ ես վստահ եմ, որ բոլոր շահագրգիռ կողմերը մտածում մեր ժողովրդի շահերի մասին՝ թե բնապահպանները, թե բնակիչները, թե Կառավարությունը, թե «Լիդիան Ամենիան», պետք է ավելի շատ խոսեն մշակույթը փոխելու մասին: Այո, մենք միշտ պետք է պատրաստ լիենք բանակցելու, բանավիճելու, խորհրդակցելու, և զիջելու, որովհետև չկա մարդ, որ սխալ չի անում, ինչ-որ բաներ սխալ չի գնահատում: Օրինակ՝ ես բնապահպան եմ, հնարավոր է՝ շատ ավելի էմոցիոնալ եմ նայում հարցին, կամ նույնը Կառավարությունը՝ ավելի շատ նայում է ներդրումների տեսանկյունից, կամ հակառակը:

-Դուք շեշտեցիք ժողովրդի շահը: Ժողովրդի մի հատվածը ունի շահ՝ ապրել առողջ միջավայրում, մյուս մասն, օրինակ, ուզում է կենսաթոշակների բարձրացում, որը կարող է տեղի ունենալ ներդրումների, բիզնես միջավայրի ակտիվացման շնորհիվ: Այսինքն՝ երբ բյուջե շատ հարկեր մտնեն: Կառավորությունում ինչպիսի՞ զգացողությսուններ կան՝ ժողովրդի ո՞ր հատվածի շահն է ավելի գերակա:

Ես պատասխանեմ այսպես՝ եթե պարզվի, որ «Լիդիան Արմենիա»-ի՝ հանքի շահագործումը պետք է ազդի ժողովրդի առողջության վրա, դա չի վերաբերի ժողովրդի միայն մի հատվածին: Դա ազդելու է բոլորիս վրա: Եթե, օրինակ, պարզվի՝ Սևանի ջուրը կարող է կեղտոտվել, դա չի ազդելու միայն Ջերմուկի կամ շրջակա միջավայրի վրա: Դա կազդի ժողովրդի մեծամասնության վրա: Մենք արդեն գիտենք, որ եթե չշահագործվեց հանքը, «Լիդիան Արմենիա»-ն դիմելու է արբիտրաժ, իսկ այդ դեպքում մեր հեղինակության հարցը կա, «Լիդիան Արմենիա»-ի հետ աշխատող տարբեր միջազգային կառույցների հետ հարաբերությունների հարց կա՝ կարող ենք լուրջ խնդիրներ ունենալ: Այսինքն՝ պետք է երկու կողմերը կշեռքի վրա դնենք, որ հասկանանք՝ որ մեկն է ավելի կարևոր:

-Պարոն Սիսեռյան, Դուք արձանագրեցիք, որ շատ կարևոր է նաև ժողովրդի առողջական խնդիրը, որը կարող է առաջանալ հանքի շահագործման ընթացքում, բայց նաև ակնհայտ է, որ Ամուլսարի հանքի շահագործումը գուցե շատ ավելի անվտանգ է, քան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Կառավարությունը հետաքրքրվու՞մ է Սյունիքի մարզի բնակչությամբ:

-Այս հարցն ավելի վերաբերում է տեսչությանը, և վերջերս, հրապարակվեց ցանկը գործարանի խախտումների: Ես գիտեմ, որ տեսչությունը ոչ միայն տուգանք է նշանակում, այլ ժամանակ է տալիս, որպեսզի խախտումները կարգավորվեն: Եթե չեն կարգավորվում, տեսչությունը կարող է նույնիսկ որոշում կայացնել ու փակել գործարանը:

-Ամուլսարի խնդիրը բնապահպանական շղթա առաջացրեց ,կարծես, և կան համայնքներ, որոնց ավագանիները որոշել են, որ իրենց տարածքում հանքեր չպետք է շահագործվեն՝ չնայած ավագանիները չունեն այդպիսի իրավասություն Սահմանադրությունից տրված: Կան իրաբաբաններ, որոնք համարում են, որ այդ որոշումները հակասահմանադրական են, բայց Կառավարությունը չի արձագանքել այս իրավիճակին: Հնարավոր է՝ առաջանան շատ ու շատ այլ ավագանիներ, որոնք իրենց տարածքում արգելեն հանք շահագործել: Կառավարության վերաբերմունքն ինչպիսի՞ն է:

Ես կարծում եմ, որ թե՛ Կառավարությունը, թե՛ համայնքները պետք է զերծ մնան ծայրահեղական որոշումներ կայացնելուց: Այժմ չեմ խոսի դրա հակասահմանադրական լինել–չլինելու մասին: Ես գիտեմ, որ շատ ավելի լավ է նախքան որոշում կայացնելը քննարկել Կառավարության ներկայացուցիչների հետ: