Պենտագոնը քննարկում է Մերձավոր Արևելք 5-հազար...

Պենտագոնը քննարկում է Մերձավոր Արևելք ավելի քան 5-հազարանոց զորախումբ ուղարկելու ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խնդրանքը՝ Իրանի հետ կապված լարվածության աճի պայմաններում: Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ երկու պաշտոնյաների:

Պաշտոնյաները, որոնք երեկ Reuters-ի հետ զրուցել են անանուն մնալու պայմանով, նշել են, որ պարզ չէ՝ կբավարարի՞ արդյոք Պաշտպանության նախարարությունը այդ խնդրանքը:

Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները վատթարացել են անցյալ տարվանից, երբ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս բերեց ԱՄՆ-ը 2015 թվականի միջուկային համաձայնագրից, ինչից հետո պաշտոնական Վաշինգտոնը խստացրեց իր հռետորաբանությունը, վերականգնեց և ընդլայնեց պատժամիջոցները Թեհրանի դեմ։

Միացյալ Նահանգները այս ամսվա ընթացքում արդեն իսկ մեծացրել է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում: