ՊԵԿ-ը պատասխանում է «ՆԻՉ» հանրախանութի տնօրեն...

«ՆԻՉ» հանրախանութի սեփականատեր Դավիթ Խոսրովյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր ՊԵԿ աշխատակիցների քաղաքացիներին տուգանքի ենթարկելու «հնարքի» մասին․«Հաճելի է վարչապետից լսել, որ ՀՀ քաղաքացին տուգանվելու համար չէ, բայց ափսոս դա ընդհամենը բարի ցանկությունների շարքից է։ Երեկ ժամը 13։00ի սահմաններում Մարիամ Ավդալյան անունով այս աղջիկը մտնում է «ՆԻՉ» հանրախանութ, կատարում է գնումներ, որի դիմաց ստանում է ՀԴՄ կտրոն, ապա դրամարկղի մոտ սպասում է այքան ժամանակ մինչև մեկ այլ հաճախորդ մոտենա, որից հետո դրամարկղի մոտ թեթև խառնաշփոթից օգտվելով արագ վերցնելով կրակայրիչը, գումարը թողնում է սեղանի վրա և հեռանում։ Կարճ ժամանակ հետո խանութ են մուտք գործում ՊԵԿ տեսուչներ, որոնցից մեկը ներկայանում է Վաչե Սարգսյան (նկարում) և հայտարարում, որ իրենց գնումների դիմաց 150 դրամի ՀԴՄ կտրոն չի տրամադրվել և խանութը տուգանվում է 150,000 դրամով։ Ամեն ինչ այսչափ վիրավորական չէր լինի, եթե մեր խանութը մշտապես ՀԴՄ տրամադրող խանութ չլիներ ու որ Շենգավիթի հարկայինում այդ մասին տեղեկացված չլինեին։ Ուզում եմ հասկանալ, սա ի՞նչ գործիքակազմ է, ՀՀ ՊԵԿ առաջնային խնդիրը այս մասով ո՞րն է՝ հետևել, որ խանութները ՀԴՄ տրամադեն, թե՞ ամեն կերպ մասնագիտական հմտություններ կիրառելով խանութներին տուգանել,-գրել էր սեփականատերը։

«ՆԻՉ» հանրախանութի սեփականատիրոջ հայտարարությանը ի պատասխան ՊԵԿ-ից Politik.am-ի հետ զրույցում ասացին․««ՆԻՉ» ՍՊԸ–ի տնօրեն Դավիթ Խոսրովյանի ֆեյսբուքյան հրապարակման առնչությամբ ՊԵԿ-ը անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ անկախ տվյալ պարագայում հանրախանութի դրամարկղի մոտ սպասողների քանակից և իրավիճակի «խառնաշփոթից», անկախ առևտրի գումարի չափից, գնում իրականացրած աշխատակցի հեռանալուց հետո, մինչ տեսուչների մուտք գործելը, խանութի աշխատակիցը պարտավոր էր տպել ՀԴՄ կտրոնը:

Ինչ վերաբերում է «մշտապես ՀԴՄ կտրոն տրամադրող խանութ» լինելու պնդմանը, ապա դրանում համոզվելու ՊԵԿ-ի գործիքներից մեկն էլ հենց հսկիչ գնում իրականացնելն է, և տվյալ դեպքում որևէ նշանակություն չունի գնված ապրանքի դիմաց վճարված գումարի չափը:

Տեսագրության առնչությամբ հարկ ենք համարում նկատել, որ ազնիվ կլիներ հրապարակման պարագայում հանրայնացնել նաև տեսագրության շարունակությունը, որտեղ տեսանելի է դառնում, թե խանութի աշխատակցուհին ցանկության դեպքում, իհարկե, որքան ժամանակ ուներ կտրոնը տպագրելու համար: Այդ գործընթացը տևել է շուրջ 6-7 րոպե, և, այստեղ խոսքը գնում է ՀԴՄ կտրոնը չտպագրելու, այլ ոչ թե այն քաղաքացուն չտրամադրելու մասին:

Նշենք նաև, որ կազմակերպության տնօրեն Դավիթ Խոսրովյանը 27.05.2019թ.-ին հաշվապահական ընկերության աշխատակցի հետ ներկայացել է ՀՀ ՊԵԿ ՓՀՎ ՀՏ վարչության թիվ 6 /Շենգավիթի/ բաժին, ծանոթացել ստուգման հանձնարարագրին, ստորագրել և ստացել մեկ օրինակը, սակայն այդ պահին որևէ արձանագրության ծանոթանալուց և ստորագրելուց հրաժարվել է պատճառաբանելով, որ կներկայացնի համապատասխան առարկություններ»: