Պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել.Սերժ Սարգսյան


Հայաստանում արտաքին քաղաքականության համար պատասխանատու է լինելու վարչապետը, իսկ Հանրապետական կուսակցության և ՀՅԴ-ի կոալիցիոն կառավարությունը շարունակելու է ամրապնդել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները:

Այս մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը։ Ռուսաստանյան այս պարբերականը ծավալուն հարցարզրույց է հրապարակել Սարգսյանի հետ, վերջինիս խոսքից արված հետևյալ մեջբերումը զետեղելով հրապարակման վերնագրում՝ «Ռուսաստանը Եվրոպայի մասն է և պետք է լինի ԵԽԽՎ անդամ»:

Ռուսական պարբերականի հետ զրույցում հայտարարելով, թե Հայաստանն ու Ռուսաստանը շարունակելու են ամրապնդել իրենց դաշնակցային հարաբերությունները, Սերժ Սարգսյանն այնուհետև պատմում է Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների մասին, նկատել տալով, որ արդեն մի քանի օր է, ինչ երկրում գործում է կառավարման խորհրդարանական համակարգը:

ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումները թույլ կտան երկրում ժողովրդավարական փոփոխություններ կատարել ու ավելի արագ զարգացնել Հայաստանի տնտեսությունը: Սարգսյանը որոշ պարզաբանումներ է տվել նոր համակարգով ենթադրվող գործառույթների վերաբերյալ, մասնավորեպես, նշելով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության համար այժմ պատասխանատու է վարչապետը, արտգործնախարարն էլ հաշվետու է վարչապետին:

Լրագրողի հարցին՝ օրերս վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հենց Սերժ Սարգսյանն է Հայաստանի նոր վարչապետի ամենաարժանի թեկնածուն, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը, Սարգսյանն արձագանքել է․ «Իմ կուսակցական գործընկերները պաշտպանեցին Կարեն Կարապետյանի առաջարկությունը կուսակցության խորհրդի նիստում, և ես պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել:

Այս թեմայով