Պատրաստ եմ դառնալ ՍԴ նախագահ․ Վահե Գրիգորյան

Բացարձակապես կաշկանդվածություն չունեմ, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու, փաստաբան Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, որ ինքը մտերիմ հարաբերություններ ունի իշխանական վերնախավի հետ և գուցե այդ ամենը կաշկանդի իրեն պաշտոնավարման ընթացքում։

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի պաշտոնում կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Նախորդ գումարման խորհրդարանը Վահե Գրիգորյանին չընտրեց ՍԴ անդամ։ «Ես այդ պաշտոնում ընտրվելու և երդում տալու դեպքում․․․ Երդում չեմ տալու, որպեսզի որևէ խմբավորման ներկայացուցիչ դառնամ»,- վստահեցրեց Վահե Գրիգորյանը:

Ֆակտոր լրատվականի լրագրողի հարցին՝ ինքը պատրա՞ստ է աշխատել Սահմանադրական դատարանի նախագահ, Վահե Գրիգորյանն արձագանքեց․ «Իհարկե, պատրաստ եմ»։ 


Հիշեցնենք, որ ժամանակին Վահե Գրիգորյանը Արմեն Սարգսյանի առաջադրումը նախագահի պաշտոնում համարել է ոչ լեգիտիմ․«Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածու Արմեն Սարգսյանի վերջին վեց տարվա ընթացքում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու ապացույցն է, որի հիման վրա հիմա Ազգային ժողովը զբաղվելու է քաղաքական մաստուրբացիայով՝ իր և մի շարք իշխանական լեգիստների ընկալմամբ պետք է ընտրի Հանրապետության նախագահին:

․․․․Եվ այս, մեզ Ազգային ժողովի ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից: Կներեք, որ իրական անելիքիցս մի փոքր շեղվեցի և այս չնչին և մասնավոր հարցի վրա ձեր ուշադրությունը շեղեցի: Սրանում ոչ մի անսպասելի բան չկար»,-հայտարարել էր Գրիգորյանը։