Պատգամավորները մերժեցին ուսման վարձը եկամտայի...

Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի նախագիծը, որով առաջարկում է ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցել: 

Որոշ պատգամավորներ հարցեր ունեին, բացի դրանից՝ նախագծի հեղինակները 11 առաջարկություններ էին ներկայացրել, որոնք, սակայն, քննարկելու հնարավորություն չկար. աշխատակարգը թույլ չէր տալիս: Այսօր պետք է տեղի ունենար քվեարկություն, ուստի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ասաց.

«Ես ևս մեկ անգամ հիշեցնեմ, ես խոսել եմ նախագծի հեղինակների հետ, առաջարկել եմ հետ վերցնենք, նորից գնանք հերթականությամբ, սակայն առաջարկել են, որ սեղմ ժամկետներում բերվի,  նաև գիտակցել են, որ չի լինելու հնարավորություն այսօրինակ քննարկումներով կետ առ կետ գնալ, բոլոր ռիսկերը հաշվի առել են, հասկանում եմ, որ ասելիք ունենք, բայց, ցավում եմ, ձեր ասելիքը քվեարկությամբ կարող եք միայն արտահայտել: Երբ ես առաջարկում էի, որ նախագիծը հետ կանչվի, հիմնական նպատակը նորից քննարկելն էր, սակայն նախագծի հեղինակները դիմեցին, որ հնարավորինս սեղմ ժամկետում առաջարկները ներկայացվեն»:

Կառավարությունն առաջարկել է, որ  հեղինակների կողմից առաջարկվող դրույթները չընդգրկվեն օրակարգում: Պատգամավորները կողմ քվեարկեցին հեղինակների առաջարկին, մերժեցին կառավարության առաջարկները, հետևաբար՝ 11 առաջարկությունները կներառվեն, կողմ քվեարկեցին նաև հարցը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին: Սրանով առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նրանք հնարավորություն կունենան քննարկել 11 առաջարկությունները: