«Փաստ»․ «Ուժեղ ձեռ­քի» ուր­վա­կա­նը. հե­ղա­փո...

«Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ ընտրություններում հաղթեց հեղափոխությունը և ժողովրդավարությունը: Թվում է՝ սրանով վերջակետ պետք է դրվեր, իսկ մնացած քննարկումները կառավարող կուսակցությունը կարող էր անել թիմի ներսում՝ պարտության պատճառները համակողմանի քննարկելու նպատակով։ Սակայն Աբովյանի ընտրություններից իշխանությունները, ըստ ամենայնի, այլ կարգի հետևություններ են արել, որոնք բնավ էլ չեն հաստատում վարչապետի խոսքերը։

Նախ՝ հենց քվեարկության հաջորդ օրը տեղի ունեցավ «Ադեկվադ» հ/կ-ի ղեկավարի ցուցադրական ձերբակալությունը, որը փաստացի ցույց տվեց, թե իշխանություններն ինչպիսի վերաբերմունք ունեն այլակարծության հանդեպ ու բացահայտեց, թե ուր կարող է հասնել երկակի ստանդարտների կիրառումը։

Բացի այդ, «քայլողներն» օրինագիծ են պատրաստում, որով, ըստ էության, քրեականացվելու է իշխանության ներկայացուցչին վիրավորելն ու նրա աշխատանքին խոչընդոտելը։ Ու արդեն նույնիսկ կարևոր չէ, որ պատգամավորը հետո «հետողորմյա» է արել և հայտարարել նախագիծը հետ կանչելու մտադրության մասին: Խնդիրը երևույթն է:

Ամբողջ խնդիրն այն է, որ նման օրինագծերը պոպուլյար են ավտորիտար երկրներում և, որպես կանոն, գործիք են դառնում իշխանությունների համար՝ ընդդիմադիր կարծիքները լռեցնելու համար։ Օրենսդրական այդ կարգավորումներն իշխանությանը գործելու մեծ «ազատություն» են տալիս ու կամայականությունների անսպառ դաշտ են բացում իրավապահների համար, որոնք մի կողմից՝ կարող են լայնորեն կիրառել երկակի ստանդարտներ, մյուս կողմից՝ ոչ իրավաչափ ռեպրեսիվ գործողությունները կարող են հիմնավորել՝ հղում կատարելով օրենսդրությանը։

Սակայն ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է քրեականացնել այն, ինչը եղել է իր գործունեության առանցքը, այլ խոսքով՝ եթե մեկ տարի առաջ գործեր այն օրենսդրական բազան, ինչը ցանկանում են ներդնել «քայլողները», ապա տեղի ունեցած հեղափոխությունը գործնականում անհնար կլիներ կամ էլ դրա մասնակիցների գործողությունները հակաօրինական ու հակասահմանադրական կհռչակվեին։ Սակայն քաղաքականության մեջ գոյություն ունի նաև բումերանգի օրենքը։ Քիչ չեն դեպքերը, երբ իշխանության առաջին դեմքերը ստեղծել են օրենսդրական կարգավորումներ, որոնք հետո գործել են իրենց դեմ։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանը սուպերվարչապետական համակարգի հեղինակն է, սակայն այդ մոդելը հիմա ծառայում է Նիկոլ Փաշինյանին՝ սահմանափակելով նաև երրորդ նախագահի ու նրա կուսակցության գործունեությունը։ 

Չի բացառվում, որ այս օրերին «քայլողները» ստեղծում են օրենսդրական հիմքեր, որոնք հետո օգտագործվելու են իրենց դեմ, որովհետև Հայաստանում այնքան է մեծացել անկանխատեսելիության գործոնը, որ որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչ է լինելու ամիսներ, մեկ, երկու տարի հետո։

Այնուամենայնիվ, հատկապես Աբովյանի ընտրություններից հետո իշխանության վերնախավում հասունանում է այն կարծիքը, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ ժողովրդավարության, որ հիմա ուժեղ ձեռք է անհրաժեշտ երկիրը կլանային համակարգից ազատելու համար, այլապես այդ համակարգը շատ արագ կխժռի ժողովրդավարությունն էլ, հեղափոխությունն էլ։ Սա, մեծ հաշվով, կեղծ կատեգորիա է, որովհետև իշխանություններին խանգարում է ոչ թե ժողովրդավարությունը, այլ ապաշնորհությունը, զարգացման ծրագրերի ու տեսլականի բացակայությունը, թիմ չունենալը, համարժեքության բացակայությունը։

Ուղղակի հեղափոխությունների հերթական օրինաչափության ենք ականատես լինում։ Երբ երկրում չկա տեսանելի առաջընթաց ու չեն էլ երևում զարգացման նախադրյալներ, ապա հերթականությամբ թիրախավորվում են տարբեր ինստիտուտներ, մարդիկ,  հետո՝ հերթն անխուսափելիորեն հասնում է ժողովրդավարությանը։ Եթե դու ինչ-որ հարցում համաձայն չես իշխանության հետ, անմիջապես հայտարարվում ես «հակահեղափոխական» կամ «սև», ու քո դեմ պետք է աշխատի ոչ միայն ագրեսիվ հակաքարոզչությունը, այլ նաև օրենքը, որպեսզի ռեպրեսիվ մեթոդները վախի որոշակի մթնոլորտ ստեղծեն նաև այլոց մոտ, որոնք արդեն հասցրել են հիասթափվել հեղափոխության թիմից կամ ունեն անհամաձայնություն նրա վարած քաղաքականության հարցում։

«Ուժեղ ձեռքի» միֆը ստեղծվում է հատուկ այն նպատակով, որ ֆորմալիզացվի իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: