«Փաստ». Տարածաշրջանում տեղի ունեցող ակտիվ զար...

«Մինչ մեր հասարակությունը զբաղված է ներքաղաքական տարբեր հարցերով՝ տարածաշրջանում տեղի են ունենում այնպիսի ակտիվ զարգացումներ, որոնք տարբեր թելերով կապվում են նաև Հայաստանի հետ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած միջսահմանային ռազմական գործողությունների մեկնարկի մասին. այն ուղղված է քրդական տարաբնույթ խմբավորումների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական: 

Թուրքիան մտադիր է Սիրիայի հյուսիս-արևելքում, որն այժմ վերահսկվում է քրդական և արաբական դեմոկրատական ուժերի կողմից, «բուֆերային գոտի» ստեղծել: 

Թուրքիայի կողմից սկսված անմարդկային գործողությունները և Սիրիայի շուրջ տարբեր միջազգային խաղացողների շահերի բախումը կարող են սիրիական նոր ճգնաժամի մեկնարկ հանդիսանալ, իսկ այդ ճգնաժամը տարածաշրջանային անկայունության ալիք է առաջ բերելու՝ իր բացասական հետևանքներով։ 

Պատահական չէ, որ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների շուրջ իրենց մտահոգություններն են հայտնել ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Իրանը, Եգիպտոսը, Գերմանիան և այլ երկրներ:

Սիրիա թուրքական ներխուժումների փորձը ցույց է տալիս, որ դրան զոհ են գնում նաև մեծ թվով քաղաքացիական անձինք։ 

2018-ի հունվարի 20-ից Թուրքիայի զինված ուժերը, երբ ներխուժեցին Աֆրին, բախումների ընթացքում զոհ գնացին մեծ թվով խաղաղ բնակիչներ՝ այդ թվում և՛ ազգային, և՛ կրոնական փոքրամասնության ներկայացուցիչներ: