«Փաստ». Ստամբուլյան կոնվենցիայի հարցը, ոչ իշխ...

Ինչպես գրեթե ամեն տարի, 2019 թվականի ամառը ևս զերծ չէ թեժ աշնան վերաբերյալ դիտարկումներից։ «Պոլիտէկոնոմիա» հետազո­տական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի համոզմամբ՝ կան որոշ գոր­ծընթացներ, որոնք, ի վերջո, թեժ աշնան կհանգեցնեն։

«Թեժ աշունը պայմանավորված կլինի ոչ միայն քաղաքական վերադասավորումներով, այլև մի շարք խնդիրներով, որոնք իրենց հանգուցալուծումը պետք է ստանան հենց այդ ժամանակահատվածում։ Առաջին հեր­թին խոսքը Ստամբուլյան կոնվենցիայի մա­սին է, որը սեպտեմբերին պետք է ԱԺ օրա­կարգ մտնի։ Հիմա տեսնում ենք, որ իշխա­նական թևում կան մարդիկ, որոնք արդեն հայտարարում են կոնվենցիային դեմ քվեար­կելու մասին։ Կան կարծիքներ, թե սա իշխա­նության տրոհման առաջին արարն է լինելու, բայց, ըստ իս, սա ոչ թե առաջին, այլ հերթա­կան արարն է լինելու, որովհետև այժմ էլ ենք տեսնում, որ իշխանության որոշ ներկայա­ցուցիչներ, օրինակ՝ օրենսդիր մարմնում, շատ ավելի ադեկվատ են գնահատում երկ­րում ստեղծված իրավիճակը և այն, որ բարձ­րագույն իշխանությունը չի լուծում այն խնդիրները, որոնց լուծման ակնկալիքով մարդիկ 2018թ. ապրիլ-մայիսին դուրս էին եկել փողոց։ Հետևաբար, մի կողմից՝ Ստամբուլյան կոնվենցիայի հարցը, իշխանության տրոհումը, մյուս կողմից՝ ոչ իշխանական հատվածում վերադասավորումները թեժ աշ­նան կհանգեցնեն»,– «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ աշունն իսկապես թեժ է լինելու, և քաղաքական ուժե­րը դուրս են գալու պայքարի նոր շրջան։ 

Խոսելով ներկայիս փուլի մասին, դիտարկելով նաև գրեթե մեկուկես տարվա ճանա­պարհը՝ քաղաքագետն ընդգծեց. «Անցած տարվա իրադարձությունները ձևով իսկա­պես հեղափոխություն էին, իսկ բովանդակու­թյամբ՝ իշխանափոխություն։ Անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից առաջ մի տարածված ձևակերպում կար, ըստ որի՝ նախորդ իշխանությունները ձգտում են «մեկ օլիգարխի համակարգի» կայացմանը։ Այսինքն, որ Հայաստանում տնտեսական, քաղաքական համակարգը կախված լինի մեկ անձի որոշումներից։ Իշխանափոխությունից հետո այդ առումով իրականում բացար­ձակապես ոչինչ չի փոխվել։ Այսօր Հայաստա­նում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հար­ցերը մեկ մարդ է լուծում։ Պարզապես, եթե նախկինում այդ «մեկ օլիգարխի տնտեսու­թյան», «մեկ օլիգարխի համակարգի» կառու­ցումը հանրային լեգիտիմություն չուներ, ինչը խանգարող հանգամանք էր, ապա այսօր Նիկոլ Փաշինյանը դեռ ունի այդ հնարավորու­թյունը։ Ավելին՝ եթե իշխանությունները նախ­կինում գոնե ֆորմալ առումով պահում էին իշխանության ճյուղերի որոշակի անկախու­թյուն, ապա այսօր այլ իրավիճակ է։ Ն. Փաշի­նյանը փորձում է ոչ միայն տնտեսական և քաղաքական, այլև դատական համակարգը ևս սեփականաշնորհել։ Կան մարդիկ, որոնք այս ամենը ծափահարություններով են ընդու­նում՝ ասելով՝ այո, նախկինների հետ միայն այսպես պետք է պայքարել։ Սա դեռ աշխա­տում է, բայց այն պահին, երբ դատական հա­մակարգում տեղի ունեցող այս անառողջ երևույթները ազդեն նաև շարքային քաղաքացիների վրա, պատկերը կփոխվի»։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։