«Փաստ». «Իսկ լավ անտիֆրիզ որտե՞ղ կա, չէիք ասի...

««Շտապ տարածել» կոչով գրառումները Ֆեյսբուքում նորություն չեն: Սակայն ուշագրավ է, որ երեկ նման գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեքստը սկսելով «խնդրում եմ հնարավորինս շատ տարածել» կոչով: 

Խոսքը ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու կոնկրետ կազմակերպության հասցեների մասին է: 

Այն, որ մեքենաների հնամաշ թափքերն իսկապես պատուհաս են դարձել, ու դրանցից պետք է ազատվել, որևէ տարակույս չկա: Հարցն այն է, թե որքանով է մետաղի թափոնի հանձնման հասցեները Ֆեյսբուքում տարածելը երկրի վարչապետի գործը: 

Պատահական չէ, որ այս գրառման ներքո բազմաթիվ օգտատերեր կատակում էին. 

«Իսկ լավ անտիֆրիզ որտե՞ղ կա, չէիք ասի՞», «Իսկ շիշ որտե՞ղ հանձնենք, պարոն վարչապետ», «Էս դու գործի չե՞ս», «Երբ ՀՀ վարչապետը նաև PR-շիկ է» և այլն: 

Շատերն էլ նկատում էին, որ անիմաստ է պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնել, պարգևավճարներ տալ, եթե բոլորի գործերը, միևնույն է, վարչապետն է անելու:

Ի դեպ, ուշագրավ է, որ այսօրվա իշխանությունները ընդդիմադիր ժամանակ այս նույն կազմակերպությանը մեղադրում էին մոնոպոլիայի մեջ և կապում Սերժ Սարգսյանի անվան հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: