«Փաստ». Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում ընտրութ...

«Հայաստանում իշխանափոխության իրականացման հարցում հատուկ դերակատարություն ունեցան ոչ միայն երկրում առկա քաղաքական փոփոխությունների ակնկալիքները, այլև տնտեսական զարգացման հետ կապված սպասումները։ 

Եվ Նիկոլ Փաշինյանը հմուտ ձևով օգտագործեց այդ սպասումները արտահերթ ընտրությունների անցկացումն արագացնելու համար։ 

Հենց վերջինս զգաց, որ անցած տարվա աշնանը իր վարկանիշը հասել է գագաթնակետին, ուղիղ եթեր մտավ և արտահերթ ընտրությունների հապշտապ անցկացումը հիմնավորեց հետևյալ կերպ, թե իբր անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև քաղաքական անորոշություններն արգելակում են Հայաստանի տնտեսությունում նոր ներդրումների ներգրավումը, իսկ գործող խորհրդարանը, ըստ էության, չունի գործելու մանդատ։ 

Դեկտեմբերին ընտրությունները տեղի ունեցան, «Իմ քայլը» դաշինքը բացարձակ մեծամասնություն ստացավ խորհրդարանում, Փաշինյանն էլ վերընտրվեց վարչապետի պաշտոնում, և թվում էր, թե ահա այլևս խոչընդոտներ չկան ներդրողների համար, արտասահմանցի գործարարները պետք է հերթ կանգնեն Հայաստանում գումարներ ներդնելու համար, սակայն իրավիճակը բոլորովին այլ է։ 

Կառավարությունում անընդհատ խոսում են ներդրողներին խրախուսելու, նրանց գործունեության համար բարվոք պայմաններ ստեղծելու մասին, բայց իրականում մեծածավալ ներդրումներն ուղղակի բացակայում են։ 

Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ իշխանության ներկայացուցիչները շատ հաճախ մասնակցում են այնպիսի հաստատությունների բացմանը, որոնք արդեն մեկ անգամ բացվել էին նախորդ իշխանությունների օրոք։ 

Եթե լուրջ ներդրումային ծրագրեր լինեին, ապա անպատճառ վարչապետ Փաշինյանն օրեր շարունակ այդ մասին տեղեկատվությունը տարփողել էր իր ֆեյսբուքյան էջով, և չէր մնա թանգարաններ կատարած այցելությունների աճի ցուցանիշների հույսին։ 

Իսկ այն հարցին պատասխանելու համար, թե ինչո՞ւ նոր իշխանությունների պաշտոնավարման ընթացքում ներդրումների հոսք չկա, պետք է դիտարկել երկրում ստեղծված քաղաքական և տնտեսական միջավայրը, որը ներդրողների համար ուղղակի գրավիչ չէ, ցածր է նաև կառավարության գործողությունների կանխատեսելիության մակարդակը։ 

Ներդրողների համար տեսանելի է, չէ՞, որ գրեթե ամեն օր ձերբակալություններ են տեղի ունենում կոռուպցիայի դեմ պայքարի անվան ներքո, գործարարներին պառկեցնում են ասֆալտին, բայց հետո պարզվում է, որ այդ գործերի մեծ մասն անհիմն էր։ 

Բացի այդ, իշխանություններն իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար ոտնահարում են բանկային գաղտնիքը, առանց ապացուցելու խոսում են թալանի կամ այլ հանցանքների մասին, իսկ տարբեր հարցերով փողոց դուրս եկած բողոքավորներն էլ ժամանակ առ ժամանակ ճանապարհներ են փակում, կոմունիկացիայի իրականացման խնդիրներ ստեղծում և այլն։ 

Ներդրումների բացակայության փաստը անուղղակիորեն խոստովանեց նաև անձամբ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ հայտարարելով, որ հաճախ իրենց դիմում են սուտասան և խաբեբա ներդրողներ, որոնց նպատակն իրականում ներդրումներ կատարելը չէ։ 

Եթե որևէ խոշոր իրատեսական ներդրման օրինակ լիներ, ապա այս հայտարարության փոխարեն վարչապետը հաստատ առիթը բաց չէր թողնի այն ԱԺ ամբիոնից ներկայացնելու և իր կառավարության համար դիվիդենտներ շահելու համար։

Այնուամենայնիվ, Փաշինյանը չի պատասխանում այն հարցին, թե ինչու քայլեր չեն ձեռնարկել ընտրություններից առաջ իր կողմից խոստացված ներդրումային հոսքը ապահովելու համար, մի՞թե իր նպատակները տեղավորվում էին միայն այն քաղաքական տրամաբանության ներքո, որ իրենց համար առաջնայինը իշխանության ղեկը ստանձնելն է։ 

Եվ փաստորեն ստացվում է, որ վարչապետը պարզապես չի կատարել ժողովրդին տված իր հերթական խոստումը ևս»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: