«Փաստ». Հասարակությանը համախմբելու փոխարեն իշ...

«Իշխանություններին մինչև օրս չի հաջողվում իրականացնել հասարակությանը համախմբելու առաքելությունը՝ չնայած այն հավաստիացումներին, թե իրենք ժողովրդի ձևավորված իշխանությունն են։ 

Դրա փոխարեն նրանց առաջնորդությամբ տեղի է ունենում հասարակության սեգմենտավորում և բարիկադների կառուցում, սևերի և սպիտակների բաժանում։ 

Իսկ հանրության այն հատվածը, որը քննադատական մոտեցում ունի իշխանությունների նկատմամբ, պիտակավորվում է և սոցցանցերում դառնում վիրավորանքների հասցեագրման թիրախ։ Սակայն քաղաքացիների նկատմամբ տարբերակված մոտեցումը միայն այս հարցում չէ, որ դրսևորվում է։ 

Իշխանություններն իրենց թիմակիցներին և համակիրներին խրախուսելու հարցի շուրջ հատուկ մոտեցում ունեն։

Հեռու չգնալու համար պետք է հիշել, թե ինչպես էր վարչապետը հանրությունից գաղտնի նախարարների, փոխնախարարների, մարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացրել, այն էլ 2 անգամ։ Էլ չենք խոսում ԱԺ պատգամավորներին տրված պարգևավճարների հսկայական գումարի մասին։ 

Եվ պատահական չէ, որ այս օրերին մամուլում գրվում է, որ որոշ պետական հաստատություններում հիմնականում պարգևավճարներ են ստանում այն մարդիկ, որոնք մարզպետների կամ այլ իշխանավորների սրտով են։ 

Ըստ էության, պարգևավճարներ տրամադրելու և աշխատակիցներին խրախուսելու հարցում առանցքային նշանակություն է ստանում ոչ թե կատարված աշխատանքը և աշխատանքի որակը, այլ քաղաքական հայացքները, ավելի ճիշտ՝ պահվածքը, իշխանության ներկայացուցիչների հետ հարաբերությունները։ 

Եվ այստեղ է, որ ոտնահարվում են մնացյալ բազմահազար աշխատողների շահերը, ինչո՞ւ պետք է նրանք, ովքեր հիմնական արդյունք տվողն են, բարձր աշխատավարձ կամ պարգևավճարներ չստանան, եթե բարձրաստիճան պաշտոնյաները ստանում են՝ առանց որևէ արդյունք գրանցելու։ 

Եվ սա այն պատճառներից մեկն է, որ իշխանությունը կտրվում է ժողովրդից, իսկ քաղաքացիների դժգոհություններն ահագնանում են։ 

Սակայն հանրության նկատմամբ իշխանությունների անարդարացի մոտեցումները ակնառու դրսևորվում են նաև այլ նախաձեռնություններում։ 

Մասնավորապես, խոսքը համընդհանուր բժշկական ապահովագրման համակարգի ներդրման մասին է, երբ աշխատողները պետք է պարտադիր հարկեր վճարեն ապահովագրությունից օգտվելու համար, իսկ չաշխատողների ապահովագրությունը կատարվելու է պետբյուջեի հաշվին, այսինքն՝ էլի աշխատողների հաշվին, քանի որ պետբյուջեն ևս ձևավորվում է նրանց վճարած հարկերից։ 

Այս նախաձեռնությունը ևս աշխատող քաղաքացիների նկատմամբ ոչ ճիշտ մոտեցման արդյունք է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: