«Փաստ». Դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կատարվող...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ զարգացող գործընթացները փաստաբան Երվանդ Վարոսյանը չի դիտարկում ճնշում՝ զուտ մեկ դատավորի դեմ։ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը՝ քրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, որի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։ Դավիթ Գրիգորյանի դեմ հաղորդում տված անձը Սերգո Փանոսյանն է, սակայն նախաքննական մարմինը դեռ 2019թ. փետրվարին որոշել էր մերժել այդ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը։ Դատավորի նկատմամբ իրականացվող գործողություններն ամբողջ դատական համակարգի համատեքստում դիտարկելով՝ Երվանդ Վարոսյանը շեշտում է.

«Սա ամբողջ դատական համակարգի դեմ իրականացվող ոտնձգություն է. գնահատում եմ որպես խայտառակություն, որպես աննախադեպ ու բիրտ ճնշում դատական իշխանության նկատմամբ։ Նման երևույթի մենք անգամ նախորդ տարիներին ականատես չենք եղել։ Այո, ոտնձգություններ միշտ եղել են։ Միշտ եղել են հրահանգներ, ցուցումներ, նման բացահայտ բիրտ ճնշում երբեք չի եղել։ Սա կոնկրետ դատավորի դեմ ուղղված գործողություն չէ, պարզապես թիրախի վիճակում այս պահին Դավիթ Գրիգորյանն է հայտնվել։ Սա գործողություն է՝ ուղղված ամբողջ դատական համակարգի դեմ։Առանց այն էլ մեր անկատար դատական համակարգը վերջնականապես կառավա­րության փոքրիկ մի բաժանմունք դարձնելու փորձ է։ Բոլոր դատավորներին ցույց են տա­լիս, որ իշխանահաճո որոշում չկայացնելու պարագայում իշխանությունը ոչնչի առաջ կանգ չի առնի, անգամ ապօրինի քրեական հետապնդում կիրականացվի»։

Փաստաբանը տարիներ առաջ տեղի ունե­ցած մի դեպք հիշեց. «2011 թվականին Ար­ման Մկրտումյանը (Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ – խմբ.) դադարեցրեց դատավոր Սամվել Մնացականյանի լիազո­րությունները միայն նրա համար, որ Ս. Մնացականյանն առանց իրենից թույլտվություն հարցնելու մի անմեղ անձի նկատմամբ գրավ էր կիրառել։ Ա. Մկրտումյանը հասավ նրան, որ Սերժ Սարգսյանը այդ հրամանա­գիրը ստորագրեց։ Հիմա շատ ավելի լուրջ իրավիճակ է. գործ ունենք ողջ պետական ապարատի գործադրմամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հետ։ Բացի այդ, ցավոք, իրավիճակը ցույց տվեց, որ 8 տարի առաջվա Արդարա­դատության խորհուրդը և այսօրվա Բարձրա­գույն դատական խորհուրդն իրարից էապես չեն տարբերվում, պարզապես անունն է փոխվել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։