Փաստ չկա, որ Քոչարյանը խոչընդոտել է քննության...

Այսօր վերաքննիչ դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ասաց՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկ կա, բայց այդ մասին փաստեր չի կարող ներկայացնել.

«Քոչարյանի՝ կալանքի տակ մնալը որևէ մեկի ցանկությունը չէ կամ դա ինքնանպատակ չէ։ Բոլորս շատ լավ հասկանում ենք՝ ինչ քրեական գործի հետ գործ ունենք. 11 տարի անց դուք տեսնում եք սպանություն է բացահայտվում։ Այս գործերը փոխկապակցված գործեր են, այս գործերով 1000-ից ավել անձինք ենք հարցաքննվել։ Եվ մենք այսօր մեղսագրել ենք մեղադրյալ Քոչարյանին մի արարք, որի տրամաբանության մեջ տեղի են ունեցել այդ իրադարձությունները»:

Նրա խոսքով, այդ գործընթացում Քոչարյանի հետ միասին ներգրավված են եղել բազմաթիվ նախկին պաշտոնյաները, հետևաբար հավանականությունը, որ նա կարող է ազդել քննության վրա, մեծ է։

Հարցին՝ արդյոք տվյալներ ունի՞ դատախազը Քոչարյանը ազատության մեջ մնալով խոչընդոտե՞լ է քննությանը, գլխավոր դատախազը պատասխանեց. «Ամբողջ խնդիրը հենց դա է, դատարաններն էլ փաստ են ուզում։ Ո՛չ, փաստեր չկան։ Մենք դա բարձրաձայն ասում ենք, չենք թաքցնում։ Փաստ, որ տեղի է ունեցել ապօրինի ներգործություն, չունենք մենք այսօր։ Մեր նախադեպային իրավունքը, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքն ապագային միտված ռիկների մասին է խոսում, ասում է՝ կա՞ հավանականություն, որ կխոչընդոտի, կթաքնվի»։

Հիշեցնենք՝ այսօր վերաքննիչ դատարանում մեկնարկել է Գլխավոր դատախազության և տուժողների ներկայացուցիչների վերաքննիչ բոողքի քննությունը, որով նրանք պահանջում են փոփոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը և կասեցնել նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: