«Պաշտպանության նախարարը չի կատարել երկրի վարչ...

Նախկին մայոր Ցոլակ Խաչատրյանը կառավարության դիմաց շարունակում է հուլիսի 8-ից վերսկսած հացադուլը: Նա պահանջում է ամենամյա արձակուրդների դիմաց փոխհատուցման տրամադրում, զորացրելիս տասնհինգապատիկ միանվագ վճարի տրամադրում և ոչ աշխատանքային օրերին աշխատելու դիմաց գումարի տրամադրում: 

Խաչատրյանը գործընթացն սկսկել է 2015 թվականից՝ փաստերի հավաքագրմամբ, ապա դիմել է դատարան: Պրոցեսը տևել է մոտ 3 տարի: Ի վերջո, շահել է գործը: Իր խոսքով՝ այդքանից հետո Պաշտպանության նախարարության մոտ որևէ հիմք չկար շարունակել գործը, սակայն, չգիտես՝ ինչի հիման վրա, նրանք բողոք են ներկայացնում Վերքննիչ դատարան: Նախկին մայորը համոզված է՝ ինքն այնտեղ էլ է գործը հաղթելու: 

Սա Խաչատրյանի արդեն երկրորդ հացադուլն է. առաջինը հայտարարել էր հունիսի 17-ին, որից հետո Խաչատրյանին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը, ծանոթացել խնդրին, ասել, որ ըստ իր ուսումնասիրության արդյունքների՝ այդ գումարը նրան պետք է տրամադրվի: Հունիսի 19-ին վարչապետը խիստ հանձնարարական է իջեցրել Պաշտպանության նախարարին՝ 10-օրյա ժամկետ սահմանելով, որպեսզի հարցը կարգավորվի, սակայն մինչ օրս տեղաշարժ չկա: «Այսինքն՝ Պաշտպանության նախարարը չի կատարել երկրի վարչապետի հանձնարարականը, որի արդյունքում ստիպված եմ եղել վերսկսել հացադուլը: Այդ ընթացքում ինձ մոտեցել է նաև ՊՆ աշխատակիցը, ինձ ՊՆ են հրավիրել: Ինձ ասում են՝ հարցը լուծվում է, բայց գործնականում որևէ արդյունք չկա»,-Politik.am-ի հետ զրույցում ասում է Ցոլակ Խաչատրյանը:

Խաչատրյանը նաև դիմել է ՄԻՊ-ին, վերջինս էլ՝ Պն-ին, որպեսզի մեկամսյա ժամկետում վերականգնեն Խաչատրյանի իրավունքները, կամ ներկայացնեն հիմնավորվծ պատռասխան, թե ինչու դա  չեն կատարում, սակայն այդտեղից ևս որևէ պատասխան մինչ օրս չկա: Խաչատրյանը կշարունակի անժամկետ հացադուլը, մինչև պահանջի համար հստակ քայլեր ձեռնարկվեն: