Վաղուց սպասված պաշտոնանկություն՝ Գլխավոր դատախազությունում

Վաղուց սպասված պաշտոնանկություն՝ Գլխավոր դատախազությունում «Հարությունյանը 2 անգամ մասնակցել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթին»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազության միջազգային կապերի բաժնի պետ Նելլիկ Հարությունյանին պաշտոնանկ են արել: Մեր տեղեկություններով՝ նա գնացել է արձակուրդ, որից չի վերադառնա: Դա պաշտոնապես կձեւակերպվի ավանդական ձեւով՝ սեփական դիմումի համաձայն: Թե ով կփոխարինի նրան, առայժմ հայտնի չէ, բաժնի դատախազներից մեկն այժմ ժամանակավոր պաշտոնակատար է: Ինչ վերաբերում է Ն. Հարությունյանին, ապա նրա պաշտոնանկությունը վաղուց էր սպասվում:

Հիշեցնենք, որ Հարությունյանը 2 անգամ մասնակցել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթին:

Առաջին անգամ ընդգրկվել է մրցույթում հաղթած անձանց ցուցակում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը, սակայն ԵԽԽՎ խորհրդատվական մարմինը մերժել էր ցուցակը՝ տալով բացասական եզրակացություն: Ասում են՝ պատճառը հենց Նելլիկ Հարությունյանն է եղել, ով չի բավարարել «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին:

Առաջին մրցույթի ժամանակ Նելլիկ Հարությունյանի պատասխանները թույլ էին, միավորները՝ ցածր, բայց նա ընդգրկվել էր ցուցակում՝ գենդերային հավասարությունն ապահովելու համար: Հայաստանից ներկայացված ցուցակը մերժվելուց հետո մեծ աղմուկ բարձրացավ, թե ինչու պետք է գենդերային ֆոնի վրա բարձր միավորներ հավաքած տղամարդ թեկնածուն իր տեղը զիջի կնոջը: Սակայն դատախազության բաժնի պետը երկրորդ անգամ եւս մասնակցեց ՄԻԵԴ հայաստանյան մրցույթին, այս անգամ չընդգրկվեց ցուցակում՝ տեղը զիջելով վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին:
Փաստորեն, Կոստանյանը հիշաչար է, չներեց դատախազությանը «խայտառակած» Նելլիկ Հարությունյանին եւ որոշ ժամանակ անց նրան ազատեց աշխատանքից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 249 անգամ
 


Այս թեմայով