Փաշինյանը ընդունեց պարտությունը

Իշխանությունները շարունակում են տպավորություն ստեղծել, թե վայելում են հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունը և խնդիր չունեն ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նպատակով ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու օրը անհրաժեշտ քվեներ ստանալու մասով։

Վերջին մի քանի օրերին իշխանությունն ավելի հաճախ է սկսել խոսել ժողովրդի անունից։ Իրենք իրենց աջակցություն են հայտնում ժողովրդի անունից և պնդում, որ անհանգստանալու պատճառ չկա ու ապրիլի 5-ին իրենք անհրաժեշտ 650 հազար քվեից ավել են հավաքելու։

Իշխանությունների այս հավաստիացումներն ավելի շատ խոսում են խուճապային տրամադրությունների մասին։ Իշխանությունների խուճապը հատկապես ակնառու դարձավ, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ անձամբ է մասնակցելու քարոզարշավին և քարոզարշավը սկսեց մոլորեցնող գրառմամբ։

Երեկ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում  կիսվել էր մի լուսանկարով, որտեղ քանդված ճանապարհի վրա գրված է «ՈՉ», իսկ բարեկարգ ճանապարհի վրա «ԱՅՈ»։

Եթե նման պարզունակ ստերով հնարավոր է մոլորեցնել հանրությանը, ապա մեր պետությունը վտանգավոր զարգացումների առաջ է կանգնած։ Սա նաև կնշանակի, որ Փաշինյանը պատրաստ է անգամ ամենաէժան ճանապարհով հասնել իր ցանկությունների բավարարամանը։ 

Իր այս քայլով Փաշինյանը ընդունում է պարտությունը։ Հասարակությանը մոլորեցնելով Փաշինյանն իհարկե կարող է անհրաժեշտ ձայներ հավաքել, բայց դա իրականում կլինի պարտություն։ Նման ճանապարհով ձեռք գցած հաղթանակը կլինի մեր պետության և ապագայի պարտությունը։