Փաշինյանը վախենում է պաշտոնանկ անել Թորոսյանի...

Նիկոլ Փաշինյան այնքան անկարող է իր թիմի ներսում, որ չի կարողանում պաշտոնանկ անել անգամ այն պաշտոնյաներին, որոնք ոչ միայն տապալել են իրենց աշխատանքը, այլև այնպիսի ձախողումներ են արձանագրել, որ առաջիկայում դրանց համար հանրությունը պահանջելու է հենց իր հրաժարականը։

Իրենց աշխատանքը տապալած կադրերի առաջատարը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Նախարարը ոչ միայն իր հակասական հայտարարություններով, ոչ մասնագիտական մոտեցմամբ տապալել է կորոնավիրուսի համավարակի դեմ առողջապահական պայքարը, այլև իր բացարձակ ցինիկ կեցվածքով առաջացրել է հանրության լայն զանգվածների զայրույթը։

Չնայած այս ամենին, վարչապետ Փաշինյանը շարունակում է պահել նախարարին։ Եվ սա այն դեպքում, երբ տարբեր երկներում առողջապահության պատասխանատուները, անգամ վարչապետերը հրաժարական են տալիս կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքներում նույնիսկ փոքր թերությունների համար։ 

Իրականում վարչապետ Փաշինյանը վախենում է պաշտոնանակ անել Արսեն Թորոսյանին։ Առողջապահության նախարարը առաջինն էր, ով հակամարտության մեջ մտավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ընտանիքի անդամների հետ։ Եվ հիմա, երբ Փաշինյանի թիվ մեկ թշնամին Մինասյանն է, ապա Թորոսյանին պաշտոնանկ անելը տարբեր խոսակցությունների առիթ կարող է դառնալ։ Այդ խոսակցություններն, ի դեպ, առաջինը հենց Թորոսյանի կողմնակիցներն են գործի դնելու։ Չպետք է մոռանալ, որ Թորոսյանը Տեր-Պետրոսյանի թիմից է և եթե նրան պաշտոնանակ անեն, ապա այդ շրջանակները կրկին կսկսեն շրջանառել տարիներ շարունակ գործադրված այն տեղեկատվությունը, ըստ որի Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանի «պրոյեկտն» է։ 

Փաշինյանը վախենում է ոչ միայն այդ խոսակցություններից, այլ նաև այն հանգամանքից, որ կփչացնի հարաբերությունները իր քաղաքական հոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Առաջին նախագահը քաղաքական դաշտում Նիկոլ Փաշինյանի միակ դաշնակիցն է ու նա այստեղ մտահոգվելու առիթ իրականում ունի։ 

Այս ամենը հաշվի առնելով կարելի է վստահ ասել, որ Արսեն Թորոսյանը պաշտոնանակ չի արվելու, անգամ, եթե ամբողջապես տապալի առողաջպահության ոլորտը։ Թորոսյանը այս պաշտոնը կթողնի միայն մի դեպքում, եթե նրան փոխվարչապետ նշանակեն, իսկ դա մոտ ապագայի հարց չէ։