Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի խնդրի մասով Ջերմուկ քաղաքում և հարակից համայնքներում էր։ Փաշինյանի երեկվա հավաքը տապալված էր. նա ամեն կերպ խուսափում էր քաղաքացիների հետ հանդիպելուց։ Միայն վերջում ստիպված եղավ գալ հրապարակ և կարճ ելույթ ունենալ։ Փաշինյանի այցը ավելի շատ նման էր «մեկ դերասանի թատրոնի»։ Ջերմուկում քաղաքացիները վանկարկում էին «Փաշինյա՛ն, հեռացիր», «Ավինյա՛ն, հեռացիր»։ Ըստ էության, սա վարչապետ Փաշինյանի համար մղձավանջային օր էր։
Վերադառնալով Երևան՝ Փաշինյանը փորձեց մեդիա տիրույթում թաքցնել իր տապալումը և հասարակության անվստահությունը։ Ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանը, մասնավորապես, գրել էր․«Այսօր Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի՝ ինձ համար ամենակարեւորն հետեւությունն այն է, որ մարդիկ գիտեն եւ վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից ու Հայաստանի հավասարակշռված շահից: Շնորհակալ եմ այդ վստահության համար»։
Փաշինյանն, ըստ էության, իր ֆեյսբուքյան գրառմամբ փորձել է զուգահեռ իրականություն ստեղծել, որպեսզի վստահեցնի իր վիրտուալ աջակիցներին (որոնք, մեծամասամբ, բնակվում են Հայաստանից դուրս), որ դեռ վայելում է հասարակության սերն ու հարգանքը։ Գուցե մի քանիսը հավատան Փաշինյանին, բայց իրականությունն իր համար անդառնալի փոխվել է, և նա այլևս չի կարողանա վերադարձնել կորցրածը։