Փաշինյանը ներողություն կխնդրի՞ ոստիկաններից

ՀՀ ոստիկանությունը 101 տարեկան է: Ոստիկանության կազմավորման 101-րդ տարեդարձի առթիվ այսօր Ոստիկանությունում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վստահաբար, նա այսօր ելույթ կունենա, կշնորհավորի ոստիկաններին ու կկարևորի նրանց աշխատանքը։

Վարչապետ Փաշինյանի դեպքում, սակայն, լավ կլիներ առաջին հերթին ոստիկանության աշխատակիցներից ներողություն խնդրել և նոր միայն շնորհավորել։ Չէ՞ որ ոստիկանության աշխատակիցների մեծ մասը նույն համակարգում էր նաև 2008 թվականին, և այդ ժամանակ էլ նրանք կարևոր աշխատանք էին կատարում, սակայն այդ ժամանակ ընդդիմադիր Փաշինյանը ատելություն էր քարոզում նրանց նկատմամբ․«Տղերք, չեք պատկերացնի՝ հոգիս ոնց էր փառավորվում, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռքից վահաններ եւ մահակներ եք խլել»,-2008 թվականի մարտի 1-ին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան ցուցարարները բացականչում էին, որ նաև մեքենաներ են խլել ոստիկաններից։

Փաշինյանը իր մեջ քաջություն գտավ և այս տարվա մարտի 1-ին ներողություն խնդրեց 10 զոհերի հարազատներից, ընդդիմադիրներից և քաղաքացիներից։

Հիմա ճիշտ ժամանակն է, որ նա ներողություն խնդրի նաև ոստիկանության աշխատակիցներից իր քաղաքական թիմի անունից։ Ներողություն խնդրի, որ նրանց նկատմամբ ատելություն է քարոզել, որ ոստիկանից վահան կամ մահակ խլելը «փառավորել է նրա հոգին», ներողություն խնդրի ոստիկանների նկատմամբ իրականացված բռնության համար։ Եթե իհարկե, վարչապետ Փաշինյանի տեսակետը տարբերվում է ընդդիմադիր Փաշինյանի տեսակետից։