Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսակ...

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է  կորոնավիրուսի պատճառով առաջացող տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը:

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է  «Ֆեյսբուք»-ի իր էջում։


«Սիրելի հայրենակիցներ, ներկայացնում եմ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը: Խնդրում եմ առաջարկությունները և դիտողությունները ներկայացնել մինչև ս.թ. մարտի 24-ը, ժամը 18:00-ն՝ դրանք ուղարկելով public@gov.am էլեկտրոնային փոստի հասցեին: Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ առանձին տնտեսավարողների (այսուհետ՝ տնտեսավարողներ) մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը: Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ժամանակ շահելու հնարավորություն ստեղծել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու որոշումների կայացման համար։ Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում ՀՀ տարածքում գործող ցանկացած ռեզիդենտ մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների), որն առևտրային գործունեություն է ծավալել ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, ունի բարվոք վարկային և հարկային պատմություն»,- գրել է նա:


Փաշինյանը նաև նշել է, որ օժանդակությունը տրամադրվելու է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսհուհետև՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:


«Օժանդակության նախատեսվող ձևերով նպատակ է հետապնդվում լուծել. համաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, արժութային ռիսկի մասնակի չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները: Վերաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ արժութային ռիսկի ամբողջական չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները: Սուբսիդավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիրը: Յուրաքանչյուր տնտեսավարողի համար կիրառելի է օժանդակության ձևերից միայն մեկը։ Օժանդակության ձևերը կիրառելի են այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին որոշ ծախսերի իրականացման նպատակով: Դրանք են` տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար (այսուհետ՝ աշխատակիցների վարկեր), պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (այսուհետ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր), հումքի գնում կամ  ներմուծում, պայմանով, որ հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով և տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ (այսուհետ՝ հումքի վարկեր), սարքերի և սարքավորումների ներմուծում, պայմանով, որ տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր), հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավել, քան ամսական 5 000 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար (այսուհետ՝ կոմունալ վճարների վարկեր), առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, պայմանով, որ գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանում (այսուհետ՝ սննդի վարկեր)»,- գրել է ՀՀ վարչապետը:


Նա նշել է, որ օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն մի քանի պահանջների՝ արժույթը՝ ՀՀ դրամ, համաֆինանսավորման գործիքի դեպքում ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվելիք մասը կարող է լինել նաև արտարժույթով, ժամկետը՝ մինչև 24 ամիս, մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի առավելագույն գումարը՝ 500 մլն. ՀՀ դրամին համարժեք, և մեկ տնտեսավարողի համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը չեն կարող գերազանցել՝ 250 մլն. ՀՀ դրամը, վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով, առավելագույն ինտեգրալ տոկոսադրույքը 0%-ից մինչև 6% տարեկան (6% - ից ոչ ավել)՝ կախված կիրառվող օժանդակության գործիքի համար սույն միջոցառմամբ սահմանված կանոնից:


«Վարկերը կտրամադրվեն ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից: Օժանդակության գործիքների կիրառման ընթացակարգը կսահմանվի ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության համատեղ ակտով: Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոռմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում վարկառուի ցանկությամբ սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի՝ վարկի համաֆինանսավորում` մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% տոկոսադրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով՝ մասնակի ռիսկի ստանձնմամբ, կամ վարկի վերաֆինանսավորում՝ մայր գումարի որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի նույն ժամկետով, 0% տոկոսադրույքով՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման, կամ վարկի սուբսիդավորում՝ տվյալ վարկի տոկոսների որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի ողջ ժամկետի համար՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման: Օժանդակության գործիքների կիրառման սահմանաչափերը կախված կլինեն վարկի նպատակից: Աշխատակիցների աշխատավարձերը համաֆինանսավորման դեպքում կլինեն 50 տոկոսի չափով, վերաֆինանսավորման դեպքում՝ 100 տոկոս, իսկ տոկոսի սուբսիդավորման` ամբողջությամբ: Հարկերի տուրքերի, պարտադիր վճարների պարագայում համաֆինանսավորման չափը կլինի 50 տոկոս, վերաֆինանսավորման չափը` 100 տոկոս, տոկոսի սուբսիդավորումը՝ ամբողջությամբ: Սարքավորումների համաֆինանսավորման չափը կլինի` 25 տոկոս, վերաֆինանսավորման չափը՝ 50 տոկոս, տոկոսի սուբսիդավորումը՝ 5 տոկոս: Հումքի գնման համար համաֆինանսավորման չափը կլինի` 40 տոկոս, վերաֆինանսավորման չափը՝ 50 տոկոս, տոկոսի սուբսիդավորումը՝ 6 տոկոս: Կոմունալ վճարների համար համաֆինանսավորման չափը կլինի`45 տոկոս, վերաֆինանսավորման չափը՝ 90 տոկոս, տոկոսի սուբսիդավորումը՝ 10 տոկոս: Սննդի ներմուծման դեպքում համաֆինանսավորման չափը՝ 30 տոկոս, վերաֆինանսավորման չափը՝ 50 տոկոս, տոկոսի սուբսիդավորումը՝ 8 տոկոս: Այս ամեն կարող է լինել, եթե ֆինանսական կառույցի աշխատակիցների աշխտավարձերի, հարկերի ու տուրքերի պարտադիր վճարների և կոմունալ վճարների առավելագույն ինտեգրալ %- կկազմի 12%, իսկ վարկի իր մասի արժույթը կլինի ՀՀ դրամ: Սարքավորումների, հումքի գնման և սննդի ներմուծման դեպքում` պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալ %- կկազմի 12% ՀՀ դրամով, իսկ արտարժույթով՝ 9%»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: