Փաշինյանը մոլորեցնում է հանրությանը և օգնությ...

Նույնիսկ կորոնավիրուսային պանդեմիան եւ դրա առաջացրած տագնապը, որը զգալի է կյանքի բացառապես բոլոր ոլորտներում, Նիկոլ Փաշինյանին չի կարող հետ պահել իր սիրած զբաղմունքից, այն է՝ նախկիններին հիշատակելով մանիպուլյացիաներ անելուց։ Հերթական «ներկայացումը» եղավ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց տրվեց վարչապետ Փաշինյանին պաշտոնյաների բարձր աշխատավարձների եւ պարգեւավճարների հետ կապված։

Վարչապետ Փաշինյանը միանգամից մի քանի հնարք կիրառեց, ինչը ավելի շատ լայն լսարանի համար էր նախատեսված, քան ԱԺ դահլիճում գտնվողների։ Նախ, նա միացրեց հատված այսպես ասած հեղափոխության ծավալման օրերին առնչվող իր ելույթներից մեկից, որտեղ նա խոստացել է, որ բարձրացնելու է պետական ապարատի աշխատավարձները որպես հիմնավորում, որ դա իր խոստումներից է, որը կատարում է եւ ոչինչ ավելին։

Այս քայլը բավական նուրբ ենթաշերտ ունի՝ լայն լսարանի ենթագիտակցության մեջ արթնացնել հեղափոխական օրերը, հույս ունենալով որ այդ կերպ նաեւ էյֆորիկ ապրումներն այդ օրերի կկենտրոնանան եւ իհարկե հայտարարելու համար, որ ինքը պարզապես ժողովրդին տված խոստումն է կատարում եւ իր անձնական շահագրգռությունը չկա, այսինքն թե՝ ինքն անձամբ չունի պատասխանատվություն այդ հարցում։ Տիպիկ Փաշինյանական ոճով, այն է՝ խուսափել պատասխանատվությունից ,ներկա կամ ապագա հնարավոր պատասխանատվությունից, այլոց վրա բարդելով արարքի պատասխանատվությունը։

Իր այս կեցվածքը Փաշինյանն ամրապնդում է այն իրողությամբ, որ այդ խոստումն իմանալով էլ ժողովուրդն իրեն քվե է տվել վստահության եւ վստահել երկրի ղեկը։ Իսկ ահա մյուս մասում, արդեն, հիշեցնելու համար այս ֆոնին՝ նախկինների «ատելի» ռեժիմի մասին, նա շարունակում է ու ասում․ «Եվ ընդհանրապես պետական ծառայության պրեստիժը պետք է բարձրացվի, և սա իմ սկզբունքային դիրքորոշումն է:

Եվ ՀՀ քաղաքացիներն ունեն այս քաղաքականությունը կտրելու հնարավորությունը, հեղափոխություն անելու լեգիտիմ իրավունքն է, թող մեզ տանեն, ասեն՝ սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերեք»: Կրկին փորձ խաղալու որոշակի զանգվածի էմոցիաների հետ, հանուն քաղաքական դիվիդենդների։

Իրականում սակայն, Փաշինյանի թիմը եթե հեռանա, երբեք էլ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանը հետ չեն գա, պատկերավոր ասած, որովհետեւ սկսած «Արաբական գարունից» մինչեւ Ուկրաինա եւ Վրաստան, չկա նախադեպ։ Սահակաշվիլուց հետո հետ չեկավ Շեւարդնաձեի թիմը, ոչ էլ մայդանականներից հետո հետ եկավ Յանուկովիչի թիմը։ Սա հեղափոխական տրամաբանության եւ պատմական փորձառության մեջ չմտնող թեզ է։ Փաշինյանից հետո կգա այլ իշխանություն, ում ժողովուրդը կտա քվե, որը ամենայն հավանականությամբ չի լինի նախկին իշխանությունը, քանի որ ժողովուրդը չի արել հեղափոխություն կամ իշխանափոխություն, որպեսզի հետո էլ անի նախկինների ռեստավրացիա։