Փաշինյանը՝ Կուտոյանի մահվան մասին

Ես երաշխավորում եմ, որ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի այս գործը, ինչպես նաեւ մնացած բոլոր գործերը, մինչեւ վերջին դետալը բացահայտվի։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի «ինքնասպանության» մասին։

Փաշինյանն ասաց, որ ցավալի դեպք է, հույս հայտնեց, որ  բացահայտման հարցում պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները սերտ կհամագործակցեն իրավապահների հետ։ Խոսեց նաեւ նախկինների՝ իրեն ուղղված մեղադրանքների մասին․«Նախորդ իշխանության որոշ շրջանակներ աղմուկ են բարձրացրել, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Կուտոյանի մահվան կապակցությամբ։

Վարչապետին ենթական ԱԱԾ պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է հոգեհանգիստը, հուղարկավորությունը, ԱԱԾ-ն ողջ ղեկավար կազմով մասնակցել է այդ արարողությանը, մասնակցել է անվտանգության խորհրդի քարտուղարը որպես կառավարության ներկայացուցիչ, ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել սգակիր ընտանիքին։

Իսկ էլ ի՞նչ պետք է աներ կառավարությունը։ Իսկ ինչու այդ նույն մարդիկ այդ հարցերը չէին բարձրացնում, երբ Հայկ Հարությունյանի հետ էր դեպքը կատարվել, այսինքն նրանք էլ վերաբերմունքի տարբերություն ունեն։ Մեզ համար նախկին պաշտոնյաներ են եղել, ընդ որում պաշտոնավարել են բավականին վիճահարույց շրջաններում։ Կարծում եմ՝ ինչ որ պիտի արվեր, արվել է»։