Փաշինյանը կրկին մոլորեցնում է․ աննախադեպությա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մոլորեցնել հասարակությանը իր իշխանության «աննախադեպ» ձեռքբերումներով։ Այս անգամ նա հանրությանը տեղեկացրել է, որ Հայաստանում աննախադեպ բան է տեղի ունեցել և ոստիկանության բաժնի պետ է նշանակվել կին․«Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել: Ոստիկանության բաժնի պետի եւ բաժանմունքի պետի պաշտոններում կանայք են նշանակվել:

Մասնավորապես՝ ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը նշանակվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության կապիտան Ժաննա Շահնազարյանը նշանակվել է ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ:

Սա ի կատարումն մեր կառավարության որդեգրած քաղաքականության՝ կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում մեծացնելու վերաբերյալ: Հաջողություն եմ մաղթում Մելինե Եղշատյանին ու Ժաննա Շահնազարյանին:

Հեշտ չի լինելու: Բայց հավատում եմ, որ նրանց օրինակով շատ կանայք կոգեւորվեն, իսկ տղամարդիկ կդառնան ավելի պատասխանատու»:

Ի դժբախտություն վարչապետ Փաշինյանի Հայաստանում միայն իր իշխանության տարիներին չէ, որ կանայք ոստիկանական համակարգում բարձր պաշտոններ են զբաղեցրել։ Վառ օրինակներ են  ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ  վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը, ոստիկանության Իրավաբանական վարչության պետի տեղակալ Նելլի Մանանդյան։ Մի քանի օրինակ ևս կարելի է հիշեցնել, բայց այս երկու օրինակն էլ բավական են հասկանալու համար, որ կատարվածը աննախադեպ չէ։

Իհարկե լավ է, որ կանայք պաշտոններ են ստանում ոստիկանությունում, բայց դրա հաշվին գովազդային արշավ կազմակերպելուց առաջ կարելի էր ուսումնասիրել համակարգը։ 

Պետք է նկատել նաև, որ վարչապետ Փաշինյանի նշած կին ոստիկանները երկար տարիներ է ինչ ոստիկանական համակարգում են և հենց այդ տարիների ծառայությունն ու կոչումներն են թույլ տվել իրենց նշանակվել այդ պաշտոններում։ Այստեղ կառավարության և մասնավորապես Փաշինյանի կողմից արված ոչինչ չկա։