Փաշինյանը, հնարավոր է, չդիմնա ու հրաժարական տ...

Իշխանության ներսում շարունակվում են խմորումները։ Շատերն արդեն հասկացել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գահավիժել է։ Նրանց համար նաև հասկանալի է, որ Փաշինյանը տապալել է կառավարության գործունեությունը և եթե այսպես շարունակվի, ապա իրենք էլ Փաշինյանի հետ են գնալու քաղաքական կործանման։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, այս առումով լուրջ մտահոգություններ ունի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա քաղաքական մեծ պլաններ ունի ու չի ցանկանում Փաշինյանի հետ մոտալուտ կործանման գնալ։ 

Ավինյանը՝ ըստ մեր աղբյուրի, երկար ժամանակ է պատրաստվել Փաշինյանից անջատման օրվան։ Նա ակտիվորեն իրեն աջակցող գործարարների շրջանակ է ձևավորում, ցանկանում է մեդիա հարթակներ ունենալ, փորձում է ձևավորել մասնագետների և քաղաքական գործիչների թիմ։ 

Ավինյանին աջակցող շրջանակների գնահատմամբ՝ նրա հեռանալու լավագույն ժամանակը հիմա է։ Հետո դժվար կլինի հանրությանը համոզել, որ նա համաձայն չի եղել Փաշինյանի վարած քաղաքականության հետ։ Իրականացվել է նաև սոցիոլոգիական հարցում, որից ակնհայտ է դարձել, որ Փաշինյանն այլևս չունի հանրության 50 և ավելի տոկոսի աջակցությունը, հետևաբար չի կարող իր խոսքով թիրախավորել և այսպես ասած «փչացնել» Տիգրան Ավինյանին։ 

Տեսակետ կա նաև, որ ինչ որ պահի Փաշինյանը կարող է չդիմանալ ծանրաբեռնվածությանը, արտաքին և ներքին ճնշումներին ու հրաժարական տալ։ Դեպքերի նման զարգացումների պարագայում Ավինյանը կարող է լինել վարչապետի կոմպրոմիսային, ժամանակավոր թեկնածու, որը պետք է երկիրը տանի արտահերթ ընտրությունների։ Ավինյանն առավել ընդունելի կերպար է նույնիսկ նախկինների համար։