Փաշինյանի թիմը կադրային կրախի առաջ է կանգնած

Անցնող շաբաթը Հայաստանի ներքաղաքական եւ հանրային կյանքում, բացի կորոնավիրուսային պանդեմիայի ստեղծած լարվածությունից, բավական հագեցած էր։

Քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ընդհանուր տնտեսական կյանքում, գազի գնի փոփոխության հետ կապված զարգացումները, եւ ի վերջո հայտնի համացանցային նորելուկ «աստղ» «Ջոն Բրջոնիի» հետ կապված բացահայտումներն ու կապը իշխանությունների հետ, կարելի է ասել, մարդկանց պարապ մնալու առիթ չտվեցին մի կողմից եւ իշխանություններին բավականին անհարմար վիճակի մեջ դրեցին մյուս կողմից։

Իհարկե, իշխանական քարոզչամեքենան իր բոլոր ռեսուրսներով փորձում է ստեղծել ընդհանուր դրական ֆոն, ինչը հասկանալի է պանդեմիայի առկայության պայմաններում խուճապային տրամադրություններից խուսափելու համար, սակայն մյուս կողմից էլ Տաթեւիկ Ռեւազյանից մինչեւ «Ջոնի Բրջոնի» հասկանալի է, որ վարչապետ Փաշինյանի թիմը մեղմ ասած՝ կադրային կրախի առաջ է կանգնած։

Մի կողմ ենք թողնում դեպքերը մեկ առ մեկ քննարկելը եւ ընդհանուր օրինաչափություն որպես ֆիքսում, որ ներկայումս կա կադրային լուրջ խնդիր բոլոր ոլորտներում, եւ եթե դա նորմալ իրադրության պայմաններում դեռեւս հնարավոր էր կոծկել, ապա արտակարգ դրության պայմաններում անհնար է քողարկել, քանի որ հնարավոր չէ միայն վարչապետական լայվերով եւ պոպուլիզմով կամ դեմագոգությամբ այդքան «բողկեր» մարսեցնել։

Սա որքան էլ ցավալի լինի, ազդելու է բոլորիս վրա, արդեն իսկ սկսել է նկատելիորեն հետեւանքներ առաջացնել պետության վարկանիշի, հեղինակության համար։ Ասել, որ Հայաստանում նորմալ մասնագետներ չկան, սխալ կլինի, սակայն պետք է նաեւ ասել, որ նորմալ այն մասնագետները, որոնք տարիներ շարունակ աշխատել են նախկին իշխանությունների օրոք այսօր կարծես թե անտեսված են։

Իշխանափոխության առաջին ալիքի ժամանակ Փաշինյանի արած հայտարարությունները ամեն բան որ նախկինների հետ փոքր ինչ կապված է մերժել, այսօր հենց Փաշինյանին են դրել աքցանի մեջ, որովհետեւ այդ հայտարարությունները դարձել են աքսիոմատիկ ճշմարտություն նրան սատարող զոմբի զանգվածի համար, ու անկախ իրադրության օրհասականությունից, օրինակ չի կարող Փաշինյանը գոնե ակներեւ կերպով համագործակցության հրավեր հղել որեւէ լուրջ մասնագետի, ով նախկինների հետ է աշխատել կամ նախկինների օրոք, որոշակի նկատելի դիրք գրավելով, քանզի դա արդեն, ամեն բան որ նախկինի հետ նույնիսկ շփում է ունեցել մերժելի է տրամաբանությանը հակասելու է եւ մեկնաբանվելու հեղափոխության դավաճանելու։

Իհարկե, կուլիսային շփումները լիովին հնարավոր են, ու գուցե նաեւ կան, սակայն այս դեպքում էլ, բոլորը չէ, որ մոռացել են իշխանափոխության առաջին փուլի կեղտը, որ նետվել է իրենց ուղղությամբ նաեւ, ու դժվար թե կուլիսային շփումներին համաձայնողները շատ լինեն։ Արդյունքում, ունենք այն ինչ ունենք։