Փաշինյանը հանդիպել է չինական խոշոր ընկերությո...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պեկինում հանդիպում է ունեցել չինական մի քանի խոշոր ընկերությունների` Ganergy Heavy Industry Group, Hajer, Սինձյան նահանգում գործունեություն ծավալող «Չժեն Ի» և MZTL ընկերությունների ղեկավարների հետ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հեռանկարներն ու հնարավորությունները:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Չինաստան այցի արդյունքներից և նշել, որ առաջիկայում պետք է քննարկվեն այն քայլերը, որոնք կնպաստեն երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը: «Այսօր Հայաստանում կատարվում են լուրջ փոփոխություններ, մեր երկրում վերացված են համակարգային կոռուպցիան, տնտեսական մենաշնորհները: Մեր քայլերն ուղղված են տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանը և բիզնես միջավայրն առավել գրավիչ դարձնելուն»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ հաշվի առնելով Չինաստանի հետ ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` նպաստավոր պայմաններ են ստեղծվել չինական ներդրումների համար:

Ganergy Heavy Industry Group-ի ներկայացուցիչներն ասել են, որ հետաքրքրված են Հայաստանում արդյունաբերության, ինչպես նաև ֆինանսների ու ներդրումների ոլորտներում գործունեության իրականացմամբ:

«Չժեն Ի» ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են Չինաստան ներմուծել հայկական կոնյակ, գինի, գյուղատնտեսական վերամշակված ապրանքներ, նաև ներդրումներ կատարել Հայաստանում` ստեղծելով արդյունաբերական գոտի:

MZTL ընկերության ղեկավարներն էլ պատրաստակամություն են հայտնել Հայաստանում հիմնել վերելակների արտադրություն: Այդ նպատակով ընկերությունը պատրաստվում է Հայաստան տեղափոխել վերելակների փոքր խմբաքանակ` դրանց արդյունավետությունը գնահատելու նպատակով:

Փաշինյանն առաջարկել է նշված ընկերությունների ներկայացուցիչներին Հայաստանի կառավարության ոլորտային պատասխանատուների հետ քննարկել համագործակցության հետագա քայլերը, այդ թվում` Մեղրիի ազատ տնտեսական գոտում չինական ընկերությունների գործունեության հեռանկարները: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը դիտարկում է որպես հաղորդակցության և տրանսպորտային միջանցք և ուրախ է, որ ՉԺՀ կառավարությունը հետաքրքրված է նաև այդ ծրագրի իրականացման գործում համագործակցությամբ: