Փաշինյանը երեկ ադեկվատ չէր, իսկ այսօր ստում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըստ էության չի գիտակցում, թե ինչ լիազորություններ ունի և որն է իր դերակատարումը երկրում։ Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելով, նա կրկին փորձում է քաղաքացիների ուժերով երկրում կարգ ու կանոն հաստատել․ «Սիրելի հայրենակիցներ.

Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանեք, լուսանկարահանեք եւ ուղարկեք իմ այս ֆեյսբուքյան էջին, հնարավորինս կոնկրետ եւ ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց»,- երեկ իր ֆեյսբուքյան էջում առաջարկել էր վարչապետը:

Սա գրում է մարդ, որին ի պաշտոնե ենթարկվում են ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը և իրավապահ մյուս բոլոր կառույցները։ Նա չի կարողանում պետական կառույցների միջոցով վերահսկել իրավիճակը, ըստ էության ընդունում է, որ տապալել է իրավիճակը։

Փաշինյանն իր վերջին մեկ տասնյակից ավել գրառումների միջոցով փորձում էր  իր կառավարության տապալման համար մեղավորներ նշանակել և այդ մեղավորներն իր իսկ ընտրողներն են։ 

Փաշինյանն իր երեկվա պահվածքը այսօր փորձեց մեղմացնել ուղիղ եթերի միջոցով։ Նա հայտարարեց, որ դիմում է քաղաքացիներին, քանի որ չի ցանկանում ոստիկանական ուժեր բանեցնել ժողովրդի դեմ․ «ես շփման այլ կուլտուրայով եմ եկել իշխանության»,-հայտարարեց Փաշինյանը։ 

Այս հայտարարությունն անում է մարդ, որի անմիջական հրահանգով Իջևանում ոստիկանությունը բռնություններ գործադրեց փայտի բիզնեսով զբաղվող քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, ում անմիջական ենթակայության տակ գտնվող ոստիկանությունը անօրինական բռնություններ գործադրեց Քաջարանի մի խումբ քաղաքացիների նկատմամբ ու հետո պարզվեց, որ քաղաքացիներն անմեղ են։  Մարդ՝ ում հրահանգով բռնություններ են գործադրվում իր ընդդիմախոսների նկատմամբ։

Ակնհայտ է, որ երեկ Փաշինյանը կորցրել էր ադեկվատությունը, իսկ այսօր փորձում է մոլորեցնել քաղաքացիներին և սրբագրել իր երեկվա պահվածքը, որի պատճառով, ի դեպ, ամենաշատը հիասթափվել են իր աջակիցները։