Մայիսի 24-ին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Գագիկ Հարությունյանի հրաժարականից երկու շաբաթ անց հրաժարական տվեց խորհրդի մեկ այլ անդամ Գևորգ Դանիելյանը:
Այս հրաժարականներից հետո իշխանությունները լծվել են խորհրդի կազմ իրենց ներկայացուցիչներին գործուղելու պրոցեսին: Օրերս հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին:
Առաջադրումից անմիջապես հետո պարզ դարձավ, որ Գրիգոր Բեքմեզյանը նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից է: Օրերս «Հրապարակ» օրաթերթը գրեց, որ Գրիգոր Բեքմեզյանը Հայաստանի ազգային գրապալատի նախկին ղեկավար Հովհաննես Բեքմեզյանի և բանասեր Աստղիկ Բեքմեզյանի որդին է։ Նրա քույրն ամուսնացած է Լևոն Տեր-Պետրոսյանի քրոջորդի Առաքել Սեմիրջյանի հետ։
Հիշեցնենք, որ այս առաջադրումից առաջ իշխող ուժը ստիպել էր նախագահ Արմեն Սարգսյանին նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկ այլ թիմակցի՝ Վահե Գրիգորյանին առաջադրել Սահամանդրական դատարանի անդամ դատավորի թեկնածու: Ըստ իշխանության մեր աղբյուրների` Վահե Գրիգորյանի ՍԴ անդամ դառնալուց հետո իշխանությունները փորձելու են հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին և Գրիգորյանին նրա փոխարեն կառույցի ղեկավար դարձնելուն:
Գրիգոր Բեքմեզյանը ևս ԲԴԽ շարքային անդամ չի լինելու: Իշխանությունները Տեր-Պետրոսյանի այս մտերիմին պատարստվում են դարձնել ԲԴԽ նախագահ: Նրա համար հենց նախկին նախագահ Տեր-Պետրոսյանն է միջնորդել, ուստի հաջողությունը ապահովված կլինի:
Փաստորեն վարչապետ Փաշինյանը դատական իշխանությունը հոժարակամ հանձնում է նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի թիմակիցներին: Պետք է նկատել, որ Տեր-Պետրոսյանի թիմը բավական ներկայացվածություն ունի նաև Ազգային Ժողովում, վարչապետի մամուլի խոսնակը ևս Տեր-Պետրոսյանի մտերմագույն անձանցից մեկն է: