Նիկոլ Փաշինյանը չի կարողանում գերազանցել Կարե...

Իշխանական լրատվամիջոցները երեկ ավետեցին հանրությանը, որ համաձայն Eurostat-ի՝ 2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով: Այն կազմել է 7,1 տոկոս։ 

Իհարկե, իշխանությունները մոռանում են հիշեցնել, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստանը արձանագրել էր ՀՆԱ-ի 9,6 տոկոս աճ, և դա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ջանքերի արդյունքն էր։ 

Եվ եթե իրականում այս տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճը համեմատենք նախորդ տարվա առաջին եռամսյակի աճին, ապա կստացվի, որ այն նվազել է 2,5 տոկոսով։  Իհարկե տարբեր ցուցակներում տարբեր տեղեր կարող է զբաղեցնել Հայաստանը, բայց մի բան հստակ է՝ այս տարի նախորդ տարվա համեմատ նվազում է արձանագրվել, և այն էլ միանգամից 2,5 տոկոս։

Վարչապետ Փաշինյանի կառավարության բախտն, իհարկե, մեծ իմաստով բերեց, քանի որ Կարեն Կարապետյանն իրապես աշխուժ տնտեսություն թողեց և իներցիայի ուժով, մեկ տարի է, տնտեսությունն առաջ է գնում, բայց այսպես երկար շարունակվել չի կարող։

Այս իշխանությունները Կարեն Կարապետյանից տնտեսական լավ ժառանգություն են ստացել, ու լավ կլինի՝ թվերի խաղով զբաղվելու փոխարեն իրական քայլեր իրականացվեն, որպեսզի տնտեսությունը մեծ տեմպերով աճի։ Փաշինյանի հաջողությունը եվրոպական տարբեր ցուցակներում առաջավոր տեղեր զբաղեցնելը չպետք է լինի։ Նախորդ կառավարությունը առաջին եռամսյակի համար արձանագրել է ՀՆԱ-ի 9,6 տոկոս աճ և 7,1 տոկոս աճը չի կարող համարվել հաջողություն։