Փաշինյանը չհերքեց, որ բանակցում է տարածքների...

Ապրիլի 21-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  հայտարարել էր, որ Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հետ կապված քննարկվում է փուլային կարգավորման պլանը, որի առաջին հանգրվանում նախատեսվում է ԼՂ հարակից շրջանների վերադարձ, ապաշրջափակում եւ այլ միջոցառումներ։

Որքան էլ իշխանության տարբեր շրջանակներ փորձեցին համոզել հանրությանը, որ Լավրովը իրականության մասին չի խոսում, միևնույնն է շատերը չհավատացին իշխանության պնդումներին։ Հասարակության շրջանում կասկածը արմատավորվեց հատկապես ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մամուլի ասուլիսից հետո, որի ընթացքում նա ուղիղ չհերքեց Լավրովին, իսկ դրանից մի քանի օր անց Ազգային Ժողովում չբացառեց, որ խնդիրը կարող է լուծվել փուլային տարբերակով։

Ավելի քան 15 օր լռություն էր պահպանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անգամ ամենապարզ առիթներով ֆեյսբուքում հանրությանը ժամերով բացատրություններ տվող Փաշինյանը տարօրինակ կերպով լռում էր։ Ի վեջո նա ստիպված եղավ խոսել Լավրովի հայտարարության մասին մայիսի 6-ին, Ազգային Ժողովում։

Բայց ինչպես ևս սպասելի էր, Փաշինյանի խոսքը առավել խորացրեց կասկածները կամ ավելի ճիշտ է՝  խորացրեց համոզումը, որ Փաշինյանը բանակցում է Արցախի 5 շրջանների վերադարձի հարց, որը նախատեսվում է խնդրի փուլային տարբերակի լուծման դեպքում։

Իսկ ինչ խոսեց Փաշինյանը Ազգային Ժողովում․

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Հայաստանի ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի կապակցությամբ այնքան հրապարակային եւ թափանցիկ չի եղել, ինչքան ես եմ եղել։ Իմ դիրքորոշումները եւ ՀՀ կառավարության դիրքորոշումները գոյություն ունեն այնքանով, ինչքան դրանք մեր դիրքորոշումներն են։ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե ընդունելի չէ Հայաստանի, Արցախի ժողովրդի համար, այդ թվում Ազգային ժողովի համար: Դա ոչ թե իմ բարի ցանկությունից է, այլ ի բնե է այդպես: Եթե նույնիսկ նախկինում եղել են իշխանություններ, որոնք մտածել են, որ կստորագրեն եւ կտանեն, մի հատ լուծում կտան, իրենք գերագնահատել են իրենց ուժերը»

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե բանակցային սեղանին փուլային փոխզիջումների վերաբերյալ փաստաթուղթ կա՞, թե՞ ոչ, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, թե ևս մեկ անգամ այդ հարցին չի պատասխանելու, քանի որ այսօր ավելի վաղ արդեն անդրադարձել է այդ հարցին․ «Դուք կարող եք նախորդ շրջանում իմ բոլոր հայտարարությունները վերցնել և այնտեղ կգտնեք իմ ասածի հաստատումը»,- դիմելով Տիգրան Ուրիխանյանին՝ նշեց վարչապետը։

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Ղարաբաղի հարցում մի կարևոր բանաձև կա՝ քանի դեռ ամեն ինչ որոշված չէ, ոչ մի բան որոշված չէ: Ինչ պետք ա, էն էլ բանակցում ենք, ինչքան լիազորություն ունենք, բանակցում ենք»,-ասաց Փաշինյանը:

Ազգային Ժողովում նկատելի էր, որ պատգամավորների հարցերը լուրջ անհարմարություն են պատճառում վարչապետին և նա լարված էր։ Պատգամավորների ուղիղ հարցերին Փաշինյանը ամեն կերպ խուսափեց պատասխանել և ըստ էության չհերքեց Լավրովի այն հայտարարություն, որ քննարկվում է խնդրի կարգավորման փուլային տարբերակը, որով նախատեսվում է «5 շրջանների վերադարձ Ադրբեջանին»։