Փաշինյանը այս տարվա համար 6-7 տոկոս աճ կանխատ...

Մենք չենք ուզում դնել նշաձող, հետո չհասնել դրան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ թե ինչու է 2020 թվականի բյուջեում նախատեսվում 4,9 տոկոս տնտեսական աճ:

«Մի քիչ ցածր դնում ենք, բարձր թռնում ենք: 2019-ի բյուջեում էլ է դրված եղել 4,9 տոկոս աճ, բայց այսօր ոչ ոք չի խոսում 4,9 տոկոսից, որովհետեւ այսօր Հայաստանի համար 4,9 տոկոսը աբսուրդ է: Այսօր ամենավատ կանխատեսումներով 2019-ին աճը կգերազանցի 6 տոկոսը, իսկ լավատեսական կանխատեսումներով՝ կհասնի 7 տոկոսի: 10 ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,5 տոկոս է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց ռազմավարական նպատակը երկնիշ տնտեսական աճ ունենալն է:

Նա խոստովանեց, որ ամենամեծ խնդիրը այսօր կապիտալ ծախսերի ոլորտում եղած խնդիրն է. «Կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը եղել է նաեւ հեղափոխությունից առաջ, հիմա ուղղակի սրվել է, որովհետեւ մենք համաձայն չենք ատկատներով աշխատել, անորակ գործեր ընդունել: Ինչքան բարձր չափանիշներ ենք դնում, այնքան այդ փողերը ծախսելը դժվարանում է: Մենք այդ փողերը չծախսելով խոսում ենք 6 տոկոսից բարձր ցուցանիշի մասին: Մենք մեր ձեռքով վատացնում ենք մեր ցուցանիշները, որովհետեւ լավացնում ենք որակը: Երբ մենք որակն ու ծավալը իրար համապատասխանեցնենք, կունենանք երկնիշ տնտեսական աճ: Սա իմ կանխատեսումն է: Ատկատ անողները նստելու են, ներում-բեկում չի լինելու: Այսօր մեր կապիտալ ծախսերի թիվ մեկ խոչընդոտը մեր դրած չափանիշներն են»,-ընդգծեց վարչապետը: