Փաշինյանն առճակատման է գնում Ռուսաստանի հետ

Քաղաքականության մեջ իհարկե ընդունված է դեմարշ քայլեր անելը, կամ սիմվոլիկ դեմարշները։ Սակայն այն, ինչ կատարվում է Հայաստանում, հակառուսականության մասով, անհասկանալի է եւ անտրամաբանական նույնիսկ եթե դիտարկում ենք դեմարշ քայլերի տրամաբանության մեջ։

Ռուսաստանում Սահմանադրական փոփոխությունների մասին ռեպորտաժում թե որքանով էր կենսական անհրաժեշտություն ցուցադրել Ալեքսեյ Նավալնիին կիմանան թերեւս միայն Նիկոլ Փաշինյանի վարչակարգում կամ առնվազն այդ վարչակարգի այն բաժնետերերը, որոնք ունեն հակառուսական տրամադրվածություններ։ Սակայն եկեք հասկանանք, թե եթե նույնիսկ դա դեմարշ էր անձամբ Պուտինին կամ Կրեմլին, ապա որքանով էր ճիշտ հաշվարկված քայլ, կամ որքանով էր այն արդարացված։ Տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյանը կամ չի հասկանում, կամ չի ուզում հասկանալ, կամ էլ նրան պարզապես ֆռռացնում են իր իշխանության բաժնետերերը։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ արտաքին քաղաքականությունից կամ միջազգային հարաբերություններից եղել է չափազանց թույլ, հայտնի է դեռ նրա պատգամավոր եղած ժամանակներից։ Միայն աշխարհաքաղաքականության կամ ռեգիոնալ քաղաքական զարգացումների մասով կարճատեսը (չասելու համար՝ քթից այն կողմ չտեսնողը) կփորձի գրեթե զրոյական «զինանոցով» հակադրվել գլոբալ մի ուժային կենտրոնի, որի պատրոնաժը քո ռեգիոնում ավանդաբար եղել է եւ կլինի, եւ որի հետ հակադրումը կարող է չափազանց թանկ արժենալ։

Եթե օրինակ վաղը Ղարաբաղում սրացում լինի, իհարկե Ալեքսեյ Նավալնին չի գա խրամատներում կռվելու ադրբեջանցիների դեմ, քանի որ մեծ հաշվով Նավալնիի համար հայերը ընդամենը «խաչիկ»-ներ են։ Նավալնին նաեւ չի զենք մատակարարի Հայաստանին, կամ հանդես գա թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Ինչի վրա է հույս դրել Փաշինյանը, Եվրոպայի, թե Միացյալ Նահանգների։ Մեծ հաշվով Եվրոպան ռազմական ուժ չունի, որ անվտանգային հարցեր կարգավորի, իսկ ԱՄՆ-ի համար էլ Փաշինյանը պարզապես «դատարկ տարածք» է, այլապես գոնե մեկ անգամ պետքարտուղարի մակարդակով նա ընդունելության կարժանանար։

Բացի այդ, Միացյալ Նահանգները հաստատ Հայաստանին անվտանգային հարցերում ոչինչ չի օգնի, քանի որ Ուկրաինան դարձել է գլխացավանք, ուր մնաց նոր գլխացավանք ունենալը այն էլ ներկայիս խառը ժամանակներում։

Իհարկե, գուցե Փաշինյանի թեւավորում է այն, որ իր կողմից իրականացրած քաղաքական քայլերը, որոնցից ամեն մեկը մի ստվար քրեական գործ կարող է դառնալ, լռությամբ են ընդունվում Բրյուսելում կամ Վաշինգտոնում։ Սակայն միթե նա այնքան կարճատես է, քաղաքական առումով, որ չի հասկանում, որ նման «աչք փակոցիի» գինը սովորաբար չափազանց թանկ է լինում պետության կողմից արված զիջումների տեսքով։

Ի դեպ, եթե հայտնի ծխախոտի մաքսանենգության ոսկու կամ ադամանդի գործերից, կամ այլ գործերից, որոնց մասին մամուլում հրապարակումների պակաս չեղավ, հանկարծ նոր բացահայտումներ հայտնվեն ռուսական մամուլում, ամենեւին չպետք է զարմանալ, քանի որ կա քարեր նետելու եւ քարեր հավաքելու ժամանակ, եւ երբ քար ես նետում, պետք է պատրաստ լինես, որ քո ուղղությամբ շատ ավելի մեծ քար է նետվելու, որը ստիպված ես լինելու ընդունել։