Փաշինյանն ընդունեց, որ պարտվել է

Չնայած այն բանին, որ հայկական մեդիահարթակներում եւ սոցկայքերում ընդունված է ասել, որ կորոնավիրուսային համավարակը փրկեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, սակայն դեպքերի զարգացումները ցույց են տալիս, որ իրականում կորոնավիրուսային համավարակը փրկեց Նիկոլ Փաշինյանին հանրաքվե անցկացնելու ռիսկից, ինչը լիովին իրատեսականորեն, հղի էր ձախողմամբ եւ ընդհանրապետ վստահության քվեի վերածվելու հեռանկարով։ Թերեւս պատահական չէ, որ ԱԺ-ն քննարկում է ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Ու ամենեւին էլ պատահական չէ, որ նախագիծը հեղինակել է իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ով ոչ վաղ անցյալում ՍԴ հարցով խոսելիս, բավական անհարիր եւ ոչ կոռեկտ արտահայտություններ էր թույլ տալիս Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջիանի Բուքիքիոյի հասցեին։

Հիշեցնենք, որ Վահագն Հովակիմյանը այս առնչությամբ մասնավորապես ասել էր․ «Հիշեցնեմ, որ Ջիանի Բուքիքիոն 2009թ. Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել: Շատ թանկարժեք: Այդ հատուկ շքանշանը, որ տվել էին տարբեր գնահատականներով, դրա վրայի ադամանդները շատ թանկ արժեն: Ուզում եմ ասել, որ նա անձ է, եվրոպացի պաշտոնյա, որը նույն նախկին իշխանություններից բավականին հետաքրքիր նվերներ է ստացել: Սա ուղղակի արձանագրենք, գնանք առաջ: Ինքը խորհրդատվական մարմնի ղեկավար է, մենք իր ասածներն ի գիտություն ընդունում ենք, բայց մեզ համար կարևորը մեր պետության առաջընթացն է ու մեր Սահմանադրության պահպանումը»:

Այդ ժամանակ առիթ ունեցանք արձանագրելու, որ լավ է, որ դրսում մեր իշխանություններին լուրջ չեն ընդունում, այլապես դա ահավոր մեծ միջազգային սկանդալի առիթ էր տալու, քանի որ Բուքիքիոյին մեղադրում էին նախկինների հետ ինչ որ «ալիշ-վելիշներ» ունենալու մեջ։ Նախագծով առաջարկվում է իշխանությանը հնարավորություն տալ արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել հանրաքվե անցկացնելու որոշումը. հիշեցնենք՝ օրենքում հանրաքվեի որոշումը չեղարկելու մեխանիզմ չկա: «Օրենքում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հիմքով չկայացած հանրաքվեի վերաբերյալ կա ընդամենը մեկ դրույթ՝ այն է, որ արտակարգ կամ ռազմական դրության վերացումից հետո հանրաքվեն նշանակվում է ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ամբողջ գործընթացը, թե ինչպես պետք է վերսկսվի հանրաքվեն, օրենքը չի նշում»,- ասաց Հովակիմյանը: Ինչ է սա նշանակում, եթե ոչ պարտության ընդունում, հետքայլ նահանջ, որով իշխանությունն ապացուցում է նախ ՍԴ շուրջ իր իսկ ստեղծած կացության արհեստականությունը եւ ապա այն, որ ինքն էլ է գիտակցում, որ այլեւս չունի «աղջիկ վախտվա» վստահության քվեն ժողովրդի մոտ եւ կարող է տապալվել։