Փաշինյանն ակնարկում է, որ մարդ մորթելն ու ահա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է սիրո և հանդուրժողականության մթնոլորտի մասին։ Օրերս էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ «ժողովուրդը պահանջում» է իրեն քննադատողներին «տներից հանել, սամասուդ անել, սատկացնել», բայց քանի որ ինքը խոստացել է, որ լինելու է «թավիշ», ապա որևէ մեկին «սամասուդ» չեն անելու։

Վարչապետի այս հայտարարությունից մեկ օր անց իր աջակիցներից մեկը՝ Լիճք համայնքի դպրոցի փոխտնօրեն Աշոտ Հոխիկյանը, հայտարարեց․ «Վարչապետի հրաժարականը պահանջողներին կարելի է փող տալ, իրենց ու իրենց ընտանիքն առնել ու մորթել․․․»,-գրել էր փոխտնօրենը։

Այս հայտարարությունը շատերի ուշադրությանն արժանացավ, հանրային մեծ աղմուկ բարձրացավ, իրավապաշտպանները դիմեցին ոստիկանությանն ու դատախազությանը, հրավիրվեց ԿԳՄՍ և Գեղարքունիքի մարզպետարանի ուշադրությունը, սակայն Աշոտ Հոխիկյանն անպատիժ մնաց։ Նա շարունակում է իր ֆաշիստական գաղափարներով երեխաների դաստիարակությամբ զբաղվել։

Սրան զուգահեռ այլ իրադարձություն տեղի ունեցավ, որը կրկին խոսում է հանդուրժողականության բացակայության և իշխանությունների համար ընդունելի պայքարի իրական ձևերի մասին։ «Հեղափոխության պահապաններ» խմբավորումը, որը խոստացել էր դիմել ահաբեկչության, եթե Հայաստանի վարչապետը չլինի Փաշինյանը, նոր սպառնալիքներով հանդես եկավ։ Այս անգամ խմբավորումը հայտարարեց, որ «24 ժամում կլուծեն իշխանության քննադատների հարցերը»։ Այս հայտարարությունը ևս հանրային բացասական արձագանքի արժանացավ, բայց իշխանությունները, փոխարենը պատասխանատվության կանչեն օրինախախտներին, պարգևատրեցին նրանց։ Պարզվեց, որ «Հայելի» լրատվականի վրա հարձակում գործած անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ չի եղել հանցակազմ։ Հիշեցնենք, որ լրատվականի գրասենյակի վրա հարձակվել էին նույն խմբավորման անդամները։

Աշոտ Հոխիկյանին չպատժելով, իսկ «Հեղափխության պահապաններ» կոչված խմբավորմանը խրախուսելով՝ վարչապետ Փաշինյանը հստակ ուղերձ է հասցնում հանրությանը՝ իր համար ընդունելի է մարդ մորթելը և ահաբեկչությունը, եթե այն պետք է իրականացվի հանուն իր իշխանության պահպանման։ Այլ կերպ դժվար է ընկալել տեղի ունեցողը։

Փաշինյանն, ըստ էության, հասկանում է, որ իրավապահներն ու ուժայինները մի պահ կդադարեն իր անօրինական հրահանգները կատարել, և հենց այդ ժամանակ է, որ նրան պետք են գալու տարբեր տեսակի պահապաններն ու հոխիկյանները։ Փաշինյանը լավ գիտի, որ հասարակության այդ զանգվածը պատրաստ է ցանկացած իշխանության համար ամենաստոր պատվերը կատարել ու չի ցանկանում նրանց նեղացնել՝ օրենքի դաշտում պատժելով։