Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի այն եզակի ղեկավարն է, ում համար կարևոր նշանակություն ունի համացանցը։ Ֆեյսբուքը Փաշինյանի քարոզչամեքենայի հիմնական գործիքն է։ Ամենափոքր խնդրի դեպքում Փաշինյանը միացնում է սոցիալական ցանցի ուղիղ եթերը և բացատրություններ է տալիս, կամ փորձում է իր իշխանության այս կամ այն որոշումը արդարացնել։
Իշխանությունների համար այնքան կարևոր են սոցիալական ցանցերը, որ ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, հազարների հասնող ֆեյքեր են պահում, որոնք պետք է Փաշինյանի ուղիղ եթերների տակ ցույց տան «ժողովրդի սերը», իսկ իշխանության քննադատներին թիրախավորեն։
Փաշինյանի կախվածությունը ֆեյսբուք սոցիալական ցանցից լավ են հասկանում նաև իր թիմակիցները։ Այս հանգամանքը որոշ թիմակցիներ բավական հմուտ օգտագործում են՝ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար։ Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ մի քանի հարյուր ֆեյքերի աշխատանքի շնորհիվ Փաշինյանին կարելի է համոզել ամենատարբեր որոշումները կայացնել։ Ֆեյքերի շնորհիվ տարբեր թիմակիցներ իրենց հակառակորդների դեմ արշավներ են իրականացնում, որը ի վերջոը ազդում է վարչապետի կարծիքի վրա։
Կարելի է կարծել, որ այս ամենի մեջ որևէ վտանգավոր բան չկա, բայց իրականությունն այն է, որ Փաշինյանի կախվածությունը սոցիալական ցանցերից կարող է լուրջ խնդիր դառալ պետության համար։ Եթե իր թիմակիցները կարողանում են մի քանի հարյուր ֆեյքերով ազդել իր որոշումների վրա, ապա ինչ կլինի, եթե հակառակորդ Ադրբեջանը մի քանի հազար ֆեյքեր գործի գցի։ Սա իրապես մտահոգվելու տեղիք է տալիս։ Ակնհայտ է, որ վտանգավոր է ունենալ երկրի ղեկավար, որի կարծիքը կարելի է մանիպուլացնել մի քանի հարյուր ֆեյքերով։