Փաշինյանի վրացական այցը սպասված է եւ կարեւոր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ մարտի 3-ին, մեկնում է Վրաստան։ Այցը պաշտոնական է։ Այն երկօրյա է։ Ըստ կառավարության տեղեկացման, այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը, ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին այցը կատարեց Վրաստան, երբ դեռ այնտեղ վարչապետ էր Գեորգի Կվիրիկաշվիլին։

Վաղը մեկնարկելիք այցը, այսքան կարեւորություն չէր ունենա, եթե չլիներ կորոնավիրուսի խնդիրը, Իրանի հետ փակ սահմանը, վիզային ռեժիմի վերականգնումը, որպես սահմանափակումների խստացում, որով Հայաստանի համար հայ-վրացական հարաբերությունները ձեռք են բերում կենսական կարեւորություն, քանի որ չորս սահմաններից բաց է մնում միայն վրացական սահմանը, որն էլ ապահովում է Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ։ Թերեւս այս դեպքում գործ ունենք չափազանց կարեւոր մի զուգադիպության հետ, եւ պաշտոնական Երեւանի խնդիրը պետք է լինի ամեն գնով բաց պահել այս պատուհանը, այժմյան բավական բարդ իրավիճակում։

Փաշինյանի քեյսում իհարկե բավական շատ հարցեր կան, սկսած հացահատիկի եւ ալյուրի՝ Ռուսաստանից Հայաստան տեղափոխման խնդիրներից մինչեւ Վերին Լարսի անցակետ եւ վերջինիս այլընտրանքների որոնում։ Այցը սպասված էր եւ այն եզակի քայլերից մեկը, որ գործող իշխանությունը ճիշտ է կատարում։