Փաշինյանի վարկանիշն իջել է, բայց....

Հայաստանի ներքաղաքական օրակարգի վերջին շրջանի ամենաակտիվ քննարկվող հարցն է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը: Սոցցանցերում հարցումներ են կազմակերպում վարչապետ Փաշինյանի կողմնակիցները, նրա քաղաքական հակառակորդները: Կազմակերպվող հարցումները շատ մեծ տարբերություն ցույց չեն տալիս. ակնհայտ է, որ վարչապետ Փաշինյանի վարկանիշը նվազել է: Նրա կողմնակիցները հերքում են այս փաստը՝ հայտարարելով, թե սոցցանցային հարցումները կեղծում են «քոչարյանական» ֆեյքերը, իսկ ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ Փաշինյանը այլևս չունի հանրային աջակցութուն, և անհրաժեշտ է, որ իշխանությանը դեմ ուժերը անցնեն վճռական քաղաքական քայլերի:

Այն, որ վարչապետ Փաշինյանի վարկանիշը նվազել է, ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Ի վերջո, պետք է հիշել, որ նա գործադիր մարմնի ղեկավարն է, և քաղաքացիները իրենց ամեն մի դժվարություն կապում են հենց նրա հետ, ավելին՝ հեղափոխական տրամադրությունները վարչապետից պահանջում են քայլեր, որոնց նա չի կարող գնալ, քանի որ դրանք մի փոքր հեռու են օրինականությունից: Եվ անիմաստ են վարչապետի կողմնակիցների ջանքերը՝ պնդելու, թե Փաշինյանի վարկանիշը չի նվազել: Սա պարապ զբաղմունք և մոլորություն է իշխանության համար:

Մոլորության մեջ են նաև Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր ուժերը: Որքան էլ շատերի համար տարօրինակ հնչի, վարչապետ Փաշինյանի վարկանիշի կորուստը քաղաքական այլ խաղացողների վարկանիշի ավտոմատ բարձրացում չի նշանակում: Եվ եթե արձանագրենք, որ այս պահին վարչապետ Փաշինյանի վարկանիշը 40 տոկոս է, ապա միևնույն է՝ նա շարունակում է մնալ միակ գործիչը, որը  հանրության լայն շրջանակաների աջակցությունն է վայելում: Քաղաքացիների մի մեծ հատված իհարկե հիասթափվել է նոր իշխանություններից, բայց նաև քաղաքական դաշտում չի ձևավորվել մի բևեռ կամ չկա մի քաղաքական լիդեր, ում մեջ քաղաքացիները տեսնեն իրենց խնդիրների լուծումը: 

Այս պահին Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր ուժերը ունեն մեկ անելիք՝ պետք է հանրությանը ներկայացնեն սեփական տեսլականը, ծրագրերը, որոնք կլինեն հստակ փաստարկված: Եվ միայն ծանրագույն աշխատանքից հետո կձևավորվի բևեռ, որը կարող է իշխանությանը հայտ ներկայացնել: Պոպուլիզմով նոր իշխանությունների հետ մրցակցել անիմաստ է՝ իշխանությունն այս հարցում անմրցելի է, այնպես որ քաղաքական դաշտի խաղացողները իլյուզիաները պետք է մի կողմ դնեն և գործեն իրականության դաշտում:

Բորիս Մուրազի

Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիա» գործակալության