Փաշինյանի թիմում չգիտեն, որ «ստի ոտքը միշտ կա...

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը երբեք աչքի չի ընկել աշխատանքային կոկիկությամբ եւ բարեխղճությամբ։ «Ֆեյքերի ֆաբրիկան» մի կողմ դրած, միշտ էլ վարչապետի հետ կապված մամուլի հաղորդագրություններում խնդիրներ կան։ Ու միշտ էլ մամուլն արձագանքել է դրանց։

Մի դեպքում արտասահմանյան պետությունների ղեկավարների հետ Փաշինյանի ունեցած հեռախոսազրույցների առնչությամբ չի գրվում թե որ կողմի նախաձեռնությամբ է եղել հեռախոսազրույցը, մյուս դեպքում աղավաղվում են օտար ղեկավարների ելույթների հայերեն թարգմանությունները։ Սա պրիմիտիվիզմ է, բացի փնթի կամ ոչ-բարեխիղճ աշխատաոճ լինելուց։ Վերջին դեպքը կապված էր Անգելա Մերկել-Նիկոլ Փաշինյան երեկվա հանդիպման հետ, երբ Մերկելի ելույթի հայերեն թարգմանությունը աղավաղվեց ու չասվեց Վենետիկի հանձնաժողովին առնչվող միտքը։

Անշուշտ այդ աղավաղումից մեծ հաշվով ոչինչ չի փոխվելու ոչ Մերկելի դիրքորոշումների, ոչ եվրոպական կառույցների դիրքորոշումների հետ կապված։Նույնիսկ հայաստանյան հանրության այն մասը, որը ունակ է սթափ դատելու եւ քննադատական մտածողության, կարող է այսօրվա տեխնիկայի դարում մտնել ու կանցլերի կայքից բնօրինակով լսել Մերկելի ելույթը։ Ցավալին այլ բանում է։ Կատարվածը մեղմ ասած ցույց է տալիս իշխող թիմի՝ իր ընտրողների հանդեպ վերաբերմունքը, ինչը մեղմ ասած՝ ճիշտ չէ։

Փաշինյանի թիմը իր ընտրազանգվածին արհամարհում է, արժանի չի համարում ճշմարտությունն իմանալու եւ կերակրում է կեղծիքով, աղավաղված տեքստերով, րոպեական ազդեցության էմոցիոնալ «կտերով»։