Փաշինյանի պատվերը Թովմասյանի դեմ․ «Գործ է կար...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ համոզել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ հրաժարականի դիմում գրել։ Վարչապետին չօգնեց անգամ իր վերջին էքսցենտրիկ հարցազրույցը, որում նա վստահ էր, որ դատավորները «վնգստում եմ»։ Փաշինյանի այս ելույթը կարծես առավել համախմբեց դատավորներին, քանի որ հասկանալի դարձավ, որ գործադիրի ղեկավարը պատրաստ է տրորել բոլոր սահմանները՝ իր նպատակներին հասնելու համար։

Վարչապետի հարցազրույցից մեկ օր անց հարցազրույցով հանդես եկավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ ՍԴ նախագահի հավասարակշռված պատասխանները «քարը քարի վրա չթողեցին»։

Այս պատասխաններից հետո գործադիր իշխանությանը մնաց միայն բիրտ ճնշումների ճանապարհը։ Եվ ահա այսօր Փաշինյանին պատկանող լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակը» գրում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ գործեր են նախապատրաստվում․«Մեր տեղեկություններով, իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները: Հիշեցնենք, ՍԴ նախագահ Թովմասյանը 2014-2017 թ-ը եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը»,-գրել է օրաթերթը:

Սա արդեն ակնհայտ պատերազմ է, որը գործադիրի ղեկավարը հայտարարում է դատական իշխանությանը, և, մասնավորապես, ՍԴ նախագահին։ Պարզվեց, որ մեկ տարուց ավել Հրայր Թովմասյանի «թույլ տված չարաշահումները» իշխանություններին չէին հետաքրքրում և  հետաքրքիր դարձան միայն այն ժամանակ, երբ ՍԴ նախագահը հրաժարվեց կատարել վարչապետի կամքը։ Վարչապետի կամքը նոր իշխանությունների համար «շարիաթի» պահանջ է, որը պետք է կատարել առանց քննարկելու, իսկ դեմ գնացողները «անհավատներ» են, որոնցից պետք է ազատվել։

Եվ եթե Հրայր Թովմասյանի դեմ գործ հարուցվի, ապա այն պետք է գնահատել մաքուր քաղաքական պատվեր։ Այլ կերպ դժվար է այն գնահատել։ Իհարկե, Թովմասյանը կարող էր չարաշահումների մեջ մասնակից լինել, բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու՞ էին իշխանությունները լռում մեկ տարուց ավել։ Այս միջադեպը մի փաստ է ակնհայտ դարձնում՝ նոր իշխանությունները կոմպրոմատների փաթեթներ են պատրաստել նախկին իշխանության ներկայացուցիչների մասին և դրանք օգտագործում են միայն այն դեպքում, երբ անգամ իրենց անօրինական կամքը անտեսվում է։