Փաշինյանի պատկերացումները Ղարաբաղյան կարգավոր...

Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Զրույց քաղաքացու հետ» կիրակնօրյա ֆեյսբուքյան ուղիղ եթերում բավական խոսվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին, սակայն, որքան էլ զարմանալի է, բավականին խոսելով հանդերձ, ոչինչ չասվեց էական, մինչդեռ գոնե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով պետք է հստակ խոսք ասվեր։

Եթե հանրագումարի բերենք վարչապետ Փաշինյանի՝ Ղարաբաղյան կարգավորման մասով մինչ այս ասածները, սկսած 2018-ի մայիսից մինչեւ նոյեմբերի 3-ի երեկոյան «լայվը» ապա կարելի է հստակ ասել, որ նա պարզապես «խճճվել է» Ղարաբաղյան «թնջուկով» ու չի կարողանում ելքեր գնել։ Նախ, այն, որ դեռ իր պաշտոնավարման մեկնարկին, որպես վարչապետ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ստեփանակերտը վերադառնալու է բանակցային սեղան, ինչը մերժվեց Բաքվի կողմից, քննադատվեց ու մղվեց երկրորդ պլան, ըստ էության նոր բան չէր։

Մադրիդյան սկզբունքներում, որը Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների համար իրավափաստաթղթային բազան է, հստակ է ամրագրված այն, որ գալու է մի պահ, որ Ստեփանակերտը միանալու է բանակցություններին, ինչի մասին իր զույգ հեռուստահարցազրույցներում հայտարարում է նաեւ Ղարաբաղյան խնդրի ամենալավ գիտակներից մեկը՝ Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր այս մասին, կարելի է այսօր արդեն հստակ ասել, որ առնվազն ժամանակավրեպ ու անպատեհ էր։

Հաջորդած հայտարարությունները նույնպես բացի «Ացրախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունից, կարելի է ասել հանգրվանային խուսանավումներ էին, պատկերավոր ասած՝ ելքերի որոնումներ, իսկ «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունն արդեն ճակատային հակադրում էր, որը համարժեք հակադարձման արժանացավ արտաքին աշխարհի կողմից ու պատճառ դարձավ Բաքվի կողմից սանձազերծված հակադարձ քարոզչական գործողությունների համար։ «Լայվում» նույնպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսքի հատվածում էական ոչինչ չասվեց։ Թերեւս նորությունը միայն այն էր, որ եթե գտնվի լուծման բանաձեւը, ապա այն կբերվի ու կդրվի հանրային քննարկման։

Այս մասին իր ցույցերից մեկում Փաշինյանն արդեն խոսել էր, սակայն այն ժամանակ նա ներկայացրել էր, որ կբերի ու կներկայացնի ժողովրդին «ագորայի սկզբունքով», մինչդեռ այժմ խոսում էր հանրային քննարկումների տարբեր ձեւաչափերի մասին, ներառյալ զինվորական էլիտայի հետ, մտավորական էլիտայի հետ, խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, արտախորհրդարանական ուժերի եւ այլն։ Սա թերեւս միակ պրոգրեսն է, որովհետեւ գործող վարչապետը կարծես թե հասկացել է, ամեն դեպքում պետք է այդպես հուսալ, որ աշխարհի համար, միջազգային հանրության, Մեծ քաղաքականության խաղացողների համար ինքն ու իր ագորան մեծ հաշվով ոչ մի բան չեն ներկայացնում, որովհետեւ Մեծ քաղաքականությունն ունի խաղի իր կանոնները, եւ ով չի խաղում այդ կանոններով, արժանանում է քրդերի ճակատագրին։

Ուստի եւ արդեն հասկացել է, որ ներքին լսարանի համար, «ֆան ակումբի» համար, գուցե ագորան լավ , «ծամելու» համար, սակայն արտաքին աշխարհում այն պարզապես անհասկանալի է եւ չգործող։ Առհասարակ, եթե ուշադիր փորձենք ուսումնասիրել, ապա կարող ենք ասել, որ Փաշինյանի պատկերացումները Ղարաբաղյան կարգավորման մասին, չափազանց մակերեսային են։ Նախ, այն, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձեւը պետք է ընդունելի լինի եւ Հայաստանի, եւ Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, բանաձեւ, որը նա փորձում է այսօր որես դիվանագիտական մանեւրի գործիք ծառայեցնել, իրականում այնքան էլ իրենը չի։

Դեռեւս Ռուսաստանի Վլադիմիր Պուտինը իր հանրային ելույթներից մի քանիսում հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտությունում չպետք է լինեն հաղթողներ ու պարտվողներ, ու լուծումը պետք է լինի փոխընդունելի բոլոր կողմերի համար։ Հասկանալի է չէ, հայտարարության ենթատեքստը, թե ովքեր են կողմերը։

Վարչապետ Փաշինյանը, պարզ ասած միայն բացել է այդ ենթատեքստը ու բանաձեւի տեսք տվել։ Բացի այդ, նույնիսկ եթե այդ փոխընդունելի բանաձեւը գտնվի էլ ու ընդունվի, դրանից հետո միայն է սկսվելու հակամարտության կարգավորման բուն պրոցեսը, քանի որ այն ամենը ինչ հիմա կատարվում է, դա հաշտության պայմանագրի նախապատրաստություն է, որից հետո արդեն, ըստ Մադրիդյան սկզբունքների, տեղի է ունենալու մնացած զարգացումները՝ ապառազմականացում, փախստականների վերադարձ, որոշ շրջանների հանձնում, Արցախի ժամանակավոր կարգավիճակի տրամադրում, ժամանակավոր կարգավիճակի պայմաններում իշխանության ձեւավորում, խաղաղապահների տեղակայում, ներքին կարգուկանոնի եւ իրավակարգի ապահովման համար ոստիկանական ստորաբաժանումների գործունեության արտոնում, ժողովուրդների հաշտեցում եւ ռե-ինտեգրացիա, ի վերջո՝ հանրաքվե վերջնական կարգավիճակի հետ կապված։

Գուցե մարդկային մեկ կյանքը չբավարարի այս բոլոր պրոցեսների համար։ Ու այս ամենի հետ կապված տիտանական խնդիրներ կան։ Իսկ այն, ինչ կատարվում է հիմա, որը Փաշինյանն անվանում է դրական դինամիկա՝ լարվածության թուլացումն է ու վստահության միջավայրի ձեւավորումը՝ հաշտության պայմանագրի հետ կապված աշխատանքները մեկնարկելու համար։